Փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին. Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների մասին
«Փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետարի 2024 թ 13-90 որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատախսան հսկողության լիազորությունները նախատեսվել է Հասարակական կարգի պահպանության ծառայության համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով տրանսպորտում առանց ուղեվարձը վճարելու երթևեկողներին տուգանելու գործընթացը։
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ ծրագրային խնդրները վերացված են և ընթացիկ շաբաթվա ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցների հետ դասընթացներ կանցկացվեն, թե ինչպես պետք է ստուգումներն անցկացնել հասարակական տրանսպորտում, ինչից հետո կսկսեն ստուգումներ իրականացնել։
«Այսինքն այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին»,-արձագանքեց Երևանի քաղաքապետա Տիգրան Ավինյանը։

