Իսկ ո՞վ է ասում, որ ես իրեն վստահում եմ, ես անձամբ իրեն, իրենց իշխանությանը չեմ վստահում․ Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին
«Չեմ կարողանում հասկանալ՝ այսօր որոշել էր երևի իմ ազգանվան վրա ինքնահաստատվել։ Բայց ես «մեր ձևովն» ասել եմ՝ որն է։ «Մեր ձևովը» եղել է ի բարօրություն մեր 3 միլիոն բնակչության, բաժանորդի»,- ՀԷՑ գլխավոր գրասենյակի մոտ լրագրողներին ասաց ՀԷՑ Գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ արձագանքելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե՝ Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու», «այս պահին արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ»։
Հարցին՝ հանձնվել ու դո՞ւրս է եկել շենքից, նա պատասխանեց. «Ո՞վ դուրս եկավ։ Այստեղ 20 տարի աշխատել եմ, որպեսզի կեղծ մեղադրանքներով… Խնդրեմ, իշխանությունն իրենց ձեռքում է, թող ապացուցեն՝ ի՞նչ է նշանակում անվստահություն… Իսկ ո՞վ է ասում, որ ես իրեն վստահում եմ, ես անձամբ իրեն, իրենց իշխանությանը չեմ վստահում»։
Ղազինյանն ասաց, որ հրաժարականի դիմում չի գրելու. «Եթե գնում են «բեսպրեդելի» տարբերակով, ամեն ինչ կարող են, փորձը ցույց է տվել, որ կարող են։
Ես այս սցենարն ի սկզբանե կանխատեսում էի։ Կարծում եմ՝ փորձ է արվում կոտրել ինչ-որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին բեսպրեդելով ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք։ Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցը, մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ, աշխատել մեր ձևով՝ ի բարօրություն մեր ժողովրդի։
Հիմա եկողներն ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության… Վերջին տարիներին տեսել ենք՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» ինչ է նշանակում»։
Դ. Ղազինյանը նաև ասաց. «Չեմ բացառում, որ կարող է մի գործ կարեն, ինչ-որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»։

