Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և դրանք չենք դիտում ոչ մի այլ երկրի պատուհանից. Սոբհանի
Դրանք բոլորը ենթադրություններ են, որ ներկայացվում են, իրականում մենք հետամուտ ենք լինում, որ կոմունիկացիաները և ճանապարհները ավելացնենք։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայկական որոշ շրջանակների կողմից առաջ քաշվող տեսակետին, թե մեր տարածաշրջանի և ճանապարհների համար մի կողմից պայքարում են Թուրքիան և Արևմուտքը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և գնում է ահա այսպիսի գլոբալ աշխարհաքաղաքական կռիվ։
«Այս բևեռացումների հարցի հետևում թաքնված են քաղաքական մոտիվացիաներ, որոնք հիմնված են մամուլի ենթադրությունների վրա։ Ես չեմ ցանկանում իմ ժամանակը վատնել նման ենթադրությունների վրա։ Մենք Հայաստանի հետ հարաբերվելիս անկախ քաղաքականություն ենք որդեգրել և կիրառում։ Այնքաղաքականությունը, որ մենք կիրառում ենք Հայաստանի նկատմամբ, որևիցե այլ երկրի դեմ չէ, սա երկու երկրների, երկու ժողովուրդների շահերին է ծառայում, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը իր արտաքին հարաբերությունները այլ երկրների հետ լինի բնական և լավ։
Եթե դու քո զորակցություն ու կարեկցանք ես հայտնում այլոց, դա բնական բան է, բայց եթե դու ուրախանում ես ուրիշի հաջողությամբ, դրա համար պետք է լինել մաքուր և ազնիվ։ Մենք Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում այդ հարաբերությունները։ Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնել, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ապրի խաղաղ պայմաններում և ինչպես նաև խաղաղ գոյակցություն ունենա իր բոլոր հարևանների հետ, որովհետև սա նաև բխում է մեր տարածաշրջանի անվտանգությունից։
Իսկ այն, որ ասում են՝ Իրանը Հայաստանում ինչ-որ մի երկրի հետ դաշնակից է Հայաստանի հետ իր հարաբերություններում կամ չգիտեմ այսինչ բևեռում է գտնվում և այլն, սրանք միայն ենթադրություններ են։ Մենք ցանկանում ենք մեր հարևան պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ»,– հայտարարեց դեսպանը։
Նա հավելեց, որ Հայաստանը Իրանի հարևան պետությունների շարքում իր հատուկ և ուրույն տեղն ունի. «Հայաստանը մեր ազնիվ հարևան երկիրն է: Ինչպես ուզում են սա մեկնաբանել, սակայն իրականությունը սա է: Մեր հարաբերությունը Հայաստանի Հանրապետության հետ և մեր քաղաքականությունը, որը վարում ենք Հայաստանի Հանրապետության հետ, դա անկախ է և մեր երկու երկրների բարձրաստիճան ղեկավարությունները ցանկանում են, որ այս հարաբերությունները առավել զարգացնեն»։
Ըստ Մեհդի Սոբհանիի, փոխադարձ քաղաքական ընկալում կա, ըստ որի 2 երկրների միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից և պետք է դա բարձր գնահատել:
«Ուրեմն պետք է այստեղ ընդգծեմ, որ այո, մեր այս հարաբերությունները կարող են նաև ունենալ թշնամիներ, չցանկանան որպեսզի մեր հարաբերությունները այսպես զարգանան: Փորձում են մեր դիրքորոշումների մեջ կասկածներ առաջացնել և այդ կասկածների արդյունքում նաև փոխըմբռնում, հետո փոխըմբռնումը վերածել տարաձայնությունների: Սակայն մենք կարողանում ենք հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում պարզաբանել այդ ամենը և թույլ չտանք որ նման թյուրըմբռնումներ առաջանան»,- ասաց նա:
Դեսպանը հարցազրույցի վերջում ւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և ժողովրդին, «սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում իրենց դիրքորոշումը արտահայտելու» համար։

