Սարդարապատի հերոսամարտի հրամանատարները․ Մովսես Սիլիկյան
107 տարի առաջ՝ 1918-ին այս օրը վերականգնվեց ինը դար առաջ կորցրած հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ փրկելով Արևելյան Հայաստանի մի մասը ոչնչացումից։ Այդ օրերի գլխավոր հերոսները մեր հրամանատարներն էին, որոնց գրագետ և անձնուրաց գործողությունների շնորհիվ էլ անհնարին թվացող հաղթանակը իրականացավ։
Հայկական 2–րդ դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյան
«Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»,- սպայական այս վաղեմի ասացվածքը գեներալ Մովսես Սիլիկյանի կյանքի անբեկանելի ուղենիշն էր:
Մովսես Սիլիկյանը ազգությամբ ուդի էր, հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Նա ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 14-ին՝ Նուխիի գավառում։
Ուդիների թիվն աշխարհում շուրջ 10 հազար է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում էր 200 ուդի: Նրանք հիմնականում բնակվում են Երևանում, Նոյեմբերյանում, Բերդում։ Ուդիները քրիստոնյա են:
Առաջին աշխարհամարտի տարիներին Մովսես Սիլիկյանը Կովկասյան 6-րդ գնդի հրամանատարն էր։ Գունդը 2-րդ հրաձգային բրիգադի կազմում էր, որի հրամանատարը Թովմաս Նազարբեկյանն էր։
1915 թվականի ապրիլին Սիլիկյանը մասնակցել է Դիլմանի ճակատամարտին, 1916-ի փետրվարին՝ Էրզրումի գրավվմանը, որից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական պարետ։
Մովսես Սիլիկյանի հրամանատարության ներքո է գործել հայկական 2-րդ կամավորական գունդը, որի հրամանատարը Դրոն էր։
1917 թ. փետրվարից մինչև 1918 թ. հունվարը Մովսես Սիլիկյանը Վանում է եղել։ 1917-ի օգոստոսին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Հայկական կորպուսի ստեղծման ժամանակ Թովմաս Նազարբեկյանը Սիլիկյանին նշանակել է հայկական 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։
1918 թ. Մայիսյան հերոսամարտի օրերին հայկական 10 հազարանոց ուժերը բաշխված են եղել Բաշ-Ապարանի ճակատում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ: Սարդարապատում հրամանատարը Դանիել Բեկ-Փիրումյանն էր։
Զորքերի ընդհանուր հրամանատարը գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր, որի շտաբը Էջմիածնում էր։
1918թ. մայիսի 24-ին գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը կոչով դիմել է հայ ժողովրդին.
«Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար:
Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երեւույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը»։
1920թ. Մայիսյան ապստամբության օրերին Սիլիկյանը Նոր Բայազետի նահանգապետն է եղել։ Հայ բոլշևիկները Հովհաննես Սարուխանյանի գլխավորությամբ մայիսի 12-ին շարժվել են Ղարանլուղ (Մարտունի), որտեղ ձերբակալել են Սիլիկյանին։ Սիլիկյանն ասել է. «Չէ՞ որ դուք ինձ ազնիվ խոսք տվեցիք բանակին ձեռք չտալ, պ. Սարուխանյան», որին ի պատասխան Սարուխանյանը պատասխանել է. «Ես այն ժամանակ ձեզ ստեցի, ընկեր Սիլիկյան»։
Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920թ. դեկտեմբերին հարյուրավոր այլ սպաների հետ Սիլիկյանին աքսորել են։ Մեկ տարի անց՝ 1921թ. սեպտեմբերին, նա վերադարձել է Հայաստան։
1927թ. նրան ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց, չկարողանալով մեղադրանքն ապացուցել, ազատ են արձակել, այնուհետեւ՝ աքսորել Դոնի Ռոստով, որտեղից նա վերադարձել է 1927թ. հոկտեմբերին։ 1935թ. նոյեմբերից մինչև 1936թ. փետրվարը Սիլիկյանը կրկին բանտարկված է եղել, և նրա մեղքը կրկին չի ապացուցվել։ Չորրորդ անգամ բանտարկելով (1937 թ․ օգոստոսի 8), երեք ամիս բանտում պահելուց հետո դեկտեմբերի 10-ին առավոտյան 5-ին Մովսես Սիլիկյանին, որն արդեն այդ ժամանակ հիվանդության ու ծերության պատճառով ինքնուրույն քայլել չէր կարող, Քրիստափոր Արարատյանին, գեներալներ Դմիտրի Միրիմանովին ու գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրտչյանին ու Հարություն Հակոբյանին տեղափոխում են Նորքի ձոր (ներկայիս Կենդանաբանական այգու տարածք) և գնդակահարում։


