Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի. նախագիծը մերժվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած` պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը մերժվեց 28 կողմ, 1 դեմ, 47 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Ավելի վաղ՝ մարտի 20-ին, ԱԺ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Սրան ի պատասխան մի շարք լրագրողական կազմակերպություններ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պահանջել են գնահատել Անդրանիկ Քոչարյանի պահվածքը և ստիպել նրան հրապարակավ ներողություն խնդրել իր խոսքերի համար։