Սերգեյ Կիրիենկոն դարձել է ՌԴ նախագահի աշխատակազմում Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր առաջադրանքներ ունի։ Նախագահական աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների աշխատակիցները սկսել են աշխատել Հայաստանի ուղղությամբ, Ведомости-ին հայտնել են դաշնային չորս պաշտոնյաներ և աշխատակազմի հետ աշխատող երկու զրուցակիցներ։

«Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում մեղմ ուժ կիրառել՝ ռուսական շահերն առաջ մղելու համար», – հրատարակությունը մեջբերում է աղբյուրներին։ Մինչև վերջերս այս ոլորտը կառավարում էր վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։ Սակայն այժմ Հայաստանին վերաբերող խնդիրները տեղափոխվել են ներքաղաքական բլոկ, որը գլխավորում է Կիրիենկոն։

Ավելի վաղ Կիրիենկոյին այլ աշխատանք էին հանձնարարել արտաքին ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակիցները պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի, ինչպես նաև Մերձդնեստրի հետ (որը, սակայն, պաշտոնապես չի ճանաչվել Մոսկվայի կողմից) աշխատանքի համար:

Հրատարակության տվյալներով՝ այս փուլում հիմնական ուշադրությունը կենտրոնացված կլինի Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման, ոչ թե ընտրական գործընթացների վրա, քանի որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն միայն 2026 թվականին։ Աղբյուրները նշում են, որ Կրեմլը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Արևմուտք, ինչը մտահոգիչ է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Առայժմ Կիրիենկոն ԱՊՀ երկրներից կզբաղվի միայն Հայաստանով և Մոլդովայով:

Հայաստանում Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար: «Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես եղել է Աբխազիայի վերջին ընտրություններում»,-այս մասին նշել է զրուցակիցներից մեկը:

Զրուցակիցը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է՝ կհաղթի հաջորդ ընտրություններում։ Աղբյուրը նշել է, որ Հայաստանում ներկայումս ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի. «Հետևաբար, այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»։

Հիշեցվել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ 2020-ականների սկզբից։ 2022 թվականին Հայաստանի վարչապետ Փաշինյանը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ զինված բախումների պատճառով։ Բայց ՀԱՊԿ-ը այնտեղ զորքեր չի տեղակայել։ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարել է կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին։ Ապրիլի 28-ին, Էստոնիա կատարած այցի ժամանակ, նա հայտարարել է, որ Հայաստանը մտադրություն չունի «սրելու, խզելու կամ փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ 2026 թվականին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքների հիման վրա՝ կձևավորվի երկրի կառավարությունը։ Այժմ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում։

Պետերբուրգի քաղաքականության հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը համարում է, որ Հայաստանի դեպքում՝ անհրաժեշտ է որոշել առաջնահերթությունները։ «Փաշինյանն անհարմար էր Մոսկվայի համար, բայց ունակ է քաղաքական գոյատևման՝ չնայած ամեն ինչի։ 2026 թվականին Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Մոսկվայի համար, հավանաբար, հարմարավետ կլիներ հիշեցնել իր մասին՝ փորձելով ձեռք բերել գոնե փոքրամասնության բաժնեմաս հայկական քաղաքականության մեջ», – նշել է նա։

Ըստ Վինոգրադովի՝ ՀՀ-ում բնակչության հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի բարձր է, քան ԱՊՀ մյուս երկրներում, «սակայն ղարաբաղյան վերջին պատերազմում Ռուսաստանի կողմից օգնության բացակայության նստվածքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ»։