Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի

Շուրջ 40 րոպե առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ, որն այս պահին հետազոտման փուլում է, կարելի է ասել հիմնական հետազոտությունները ավարտված են, ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

«Եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում՝ հետագա հսկողության և բուժման նպատակով: Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին: Առնվազն գոնե 24 ժամ հետո  նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրությունը, հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք: Այս պահին դեռ գտնվում է անհետաձգելի ընդհանրարանում, որոշում կայացնելուց հետո կգնա պալատ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Նա գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։

Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ: