Կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։
«Կարենը ձեթի արտադրամասում ընկել է հոսքագծի մեջ։ Երկու օր կոմայի մեջ է եղել: Այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու ՌԴ Կրասնոդար քաղաքում։
Չենք հավատում ու չենք համակերպվում այս դաժան իրականությանը»,-նշված է էջում։
Կարենի վերջին բանաստեղծությունը՝ իր էջում հրապարակված
Երկու ուղիներ խաչվեցին իրար,
Երկու կիսատ սիրտ մեկ դարձան մի օր,
Երկու ճրագներ վառվեցին հանկարծ
Ու մեկ դարձավ տիեզերքը նոր:
Նոր աշխարհ բացվեց նրանց գալուստից,
Աշխարհը անգույն նոր գույներ հագավ,
Արևը ժպտաց կապույտ երկնքից,
Շողեր տարածեց գույներով անշտապ:
Երկու ուղիներ խաչվեցին մի օր…
Երկու հրեշտակ դարձան մի ամբողջ,
Երկու երազներ դարձան մի հեքիաթ,
Իսկ հեքիաթը այդ՝ սեր… իրական…
Հեղինակ` Կարեն Շիրինյան

