Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունն Անդրկովկասում. Զախարովա
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Կասպից ծովում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 17-18-ը Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, նրա բանակցությունները կկայանան ռուս գործընկերոջ հետ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն մտքերի մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրերի վիճակի շուրջ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նախարարները նախատեսում են քննարկել նաև ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում և ԲՐԻԿՍ-ում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները:

