ՔՊ պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրամիություն գործակցությունը և տարածաշրջանային խաղաղության գործընթացը։
Արուսյակ Մանավազյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա առաքելության ընթացքում Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն ավելի կզարգանան ու կընդլայնվեն։
«Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բարեկամական ու սերտ հարաբերություններ»,- նշել է խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին՝ Մանավազյանն ընդգծել է բարեկամական խմբերի համագործակցության խորացման և փոխայցերի կարևորությունը։ Նա բարձրաձայնել է նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը՝ այդ հարցում ակնկալելով Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։
Պատգամավորները խոսել են Հայաստանի եվրոպական ձգտումների մասին, ընդգծել տնտեսության, զբոսաշրջության և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի զարգացման ներուժը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին։ Ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։

