Անդիպլոմ վարչապետը խոսում է մասնագիտական սովից

Ցանկացած երկրի հիմքերը խարխլվում են, երբ երկրի կառավարումը ստանձնում է թերուս ու անգրագետ մեկը, որը փորձում է իր «բարձունքից» դատել ուրիշներին ու երկրի կառավարման համակարգը բուժելու համար պարզունակ, անհեթեթ, որևէ խորքային հետազոտական հիմք չունեցող, ոտքի վրա հորինված պատճառների վրա հիմնված դեղատոմսեր առաջարկել։ Այդպես էլ Հայաստանի Հանրապետության ղեկը ձեռքն առած ու երկիրն անդուդի եզրով սահեցնող Փաշինյանն այսօր կառավարության նիստում նման «խորքային» հետևություններ է արել կադրային քաղցի մասին, թե ինչու է ՀՀ-ում կառավարման համակարգում գործող ինստիտուտների արդյունավետության գործակիցը զրո մակարդակի հասել։ Կառավարության վարած սխալ կադրային քաղաքականության մասին քննադատություններից խիստ նեղված՝ նա այսօր էլ փորձում էր իր այդ անկարողության համար քավության նոխազներ գտնել։

«Յոթ տարվա մեջ ով տեղից վեր է կենում, ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Է, հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70% և ավելի տարածքներում մանկապարտեզ չկա, դպրոցների 70% և ավելին կիսավերված են ֆիզիկական և բովանդակային առումով, այդտեղ չի կարող չլինել կադրային սով», – փիլիսոփայել է Փաշինյանը։

Փաշինյանը որակյալ կադրերի բացակայությունը պայմանավորում է կրթության ցածր մակարդակով։ Ինչ խոսք, կրթությունը արհեստավարժ մասնագետներ ունենալու կարևոր նախապայման է, բայց մյուս կողմից էլ դպրոցների ֆիզիկական վիճակը չի կարող որևէ կերպ ազդել կրթության որակի վրա, եթե սովորելը, կրթվելը․ լավ մասնագետ դառնալու ձգտումը առաջնահերթություն է տվյալ պետության համար։ Իսկ դրա համար իշխանությունները, կառավարությունը պետք է հատուկ ռազմավարություն մշակեն և բյուջեից հատուկ միջոցներ ուղղեն այդ ոլորտ։ Թե չէ հիմա Փաշինյանը անհասցե մեղադրանք է հնչեցնում, բայց չի հարցնում՝ իսկ ինքն ի՞նչ է արել երկրում կրթության որակի և անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու համար։ Ի դեպ, մասնագիտական կրթությունը երիտասարդն ավելի շատ ստանում է արդեն բարձրագույն և տեխնիկական ուսումնական հաստատություններում։ Այնինչ Փաշինյանը մանկապարտեզների ու դպրոցների շարքում շրջանցեց դրանք՝  չնշելով կադրային սովի թերևս ամենամեծ բացի մասին։ Կրթության և աշխատաշուկայի ոլորտի մասնագետները վաղուց են խոսում բուհերի, տեխուսումնարանների ու աշխատաշուկայի միջև եղած ահռելի անջրպետի մասին, ինչի պատճառով մասնագետը ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ստիպված է մասնագիտական որակավորման առանձին դասընթացներ անցնել, որպեսզի համապատասխանի շուկայի պահանջներին։ Որևէ մեկը փորձե՞լ է Փաշինյանի գիտակցությանը հասու դարձնել այդ խնդիրը, որպեսզի նա իր սահմանափակ բառապաշարով պրիմիտիվ բացատրություններ չտա իրապես կարևոր խնդիրներին։

Վարչապետի աթոռը զավթածն ասում է, թե կառավարման համակարգում լավորակ, արհեստավարժ մասնագետներ չլինելու պատճառներից մեկն էլ ցածր աշխատավարձն է և համաժողովրդական հանդիմանանքը․ «Հիմա կասեն` ի՞նչ է, մեր երկրի արգանդը չորացե՞լ է։ Չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կա՞ն լավ կադրեր։ Կան, իհարկե, փոքր խմբով, որոնք 1-10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս ու չեն գա աշխատեն Հայաստանի կառավարությունում, որ ստանան 400 հազար դրամ, դա էլ հերիք չի ու ամեն աշխատած կոպեկի հետ էլ մի անեծք տանեն տուն` էլի պարգևավճար, էլի պարգևավճար, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին»։

Այո, մենք շատ լավ կադրեր ունենք, որոնք կառավարությունում չեն աշխատի ոչ միայն ցածր աշխատավարձի պատճառով, այլև սեփական արժանապատվություն ունենալու, դիլետանտությունն ու անգրագիտությունը մերժելու պատճառով։ Ի՞նչ արժեք կունենա նրանց պրոֆեսիոնալիզմը, եթե միևնույն է՝ թույլ չեն տալու ինքնուրույն աշխատել, ամբողջ ներուժը ծառայեցնել ոլորտը զարգացնելու համար։ Իրեն հարգող ո՞ր մասնագետը կաշխատի քպ թիմի հետ՝ տեսնելով նրանց վարքագիծն ու ինստիտուտների գործունեությունը վիժեցնելու հմտությունները։ Դեռ չենք խոսում նրանց հակահայկական աշխարհայացքի ու գործերի մասին։ Ի վերջո մեր երկրում միայն մեկ մարդ է որոշում, թե ով որտեղ ու ինչպես պետք է աշխատի, ուրեմն պրոֆեսիոնալ կադրերի ներգրավածծությունն անիմաստ զբաղմունք է։

Ժամանակին Փաշինյան Նիկոլը այս խոսույթն օգտագործեց իր վարչախմբի աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու, առատ պարգևավճարներ շռայլելու համար՝ ասելով, թե այդպես լավագույն կադրերին է ներգրավում համակարգում աշխատելու։ Հիմա իր ասելով ստացվում է, որ խեղճերն ընդամենը 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում, դրա համար էլ շահագրգռված չեն այնտեղ աշխատել։ Հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն է։ Թե ինչ կհաջորդի դրան, չենք կարող ասել։ Գուցե կադրային նոր տեղաշարժեր են սպասում վարչախմբում, գուցե աշխատավարձի հերթական բարձրացումը որպես հավատարմության կաշառք։

Խոսելով մասնագիտական արհեստավարժությունից, Փաշինյանը մոռանում է, որ ստանձնելով երկրի ղեկավարումը՝ ինքն անգամ բարձրագույն լիարժեք կրթություն չի ստացել՝ համարվելով թերուս, դուրս է վռնդվել համալսարանից։

Վերջին հաշվով ճիշտ կադրերի ընտրելն ու ճիշտ նշանակումները ևս հատուկ արհեստավարժություն են պահանջում, որը երկրի ղեկավարը չունի։ Սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշների աչքի շիվից է խոսում ու հոխորտում նա։ Բնական է՝ ինչպիսին պետության ղեկավարն է, այնպիսին էլ պետք է լինեն իրեն շրջապատող կադրերը։ Եթե ղեկավարը ոչ մի բանի մասնագետ չէ, բայց իրեն երևակայում է և տնտեսագետ, և բժիշկ, և մանկավարժ, և գյուղատնտես, դիվանագետ, ֆինանստիստ, դատավոր․․․ վերջապես վարչապետ, ապա իր կադրերն էլ նույնքան «բազմատաղանդ» են լինում։ Իսկ դրա ապացույցը քայքայված ու տարեցտարի լճացող տնտեսությունն է, կադրային քաղցը, աղքատության ցուցանիշների բարձրացումը, կրթության որակի անկումը, գործազրկության աճը, արտաքին խոցելի անվտանգությունը․․․ պետության քայքայումը։

Թագուհի Ասլանյան