Իսմայիլի շրջանի Ավանաշեն գյուղը

«Գեղարդ» հիմնադրամը գրում է.

«Իսմայիլի շրջանի Ավանաշեն գյուղը գտնվում էր շրջկենտրոնից 14 կմ հարավ-արևելք՝ Գարդման գետի աջ ափին: Գյուղի բնակիչները գաղթել էին Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից, ինչպես նաև՝ Խաչենի Դաշբուլաղ գյուղից: Ավանաշենում ապրել են նաև զանգեզուրցի վերաբնակիչներ:

Նշանավոր եկեղեցական գործիչ և տեղագիր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի այցելության ժամանակ` 1850-ական թվականների կեսերին, Ավանաշենն ունեցել է 80 տուն հայ բնակչություն: 1861 թվականին գյուղի բնակչությունը 100 տուն էր, իսկ 1865 թվականին` 120 տուն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղն ունեցել է 130 տուն՝ արական 500, իգական 470 հայ բնակիչներով։

1912 թվականին Ավանաշեն գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 160 տուն` 1528 բնակիչներով:

Գյուղի բնակչությունը մեծապես տուժել է 1918 թվականի թուրքական զորքերի և հարևան թաթարական գյուղերի զինված ջոկատների հարձակման ժամանակ:

Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին որոշ վերապրածներ կրկին հաստատվել են հայրենի գյուղում: 1924 թվականին Ավանաշենն ուներ 90 տուն հայ բնակչություն՝ 270 բնակչով: 1950-ական թվականներին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը գյուղին կից կառուցում է ադրբեջանաբնակ թաղամաս, որից հետո ավանաշենցիներն աստիճանաբար սկսում են արտագաղթել: 1988 թվականին գյուղում բնակվում էր 40 հայ ընտանիք, որոնք բռնագաղթել են նույն թվականի վերջերին:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ Ավանաշեն գյուղում պահպանված է եղել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն առաջին անգամ հիշատակվել է 1851 թվականին: Եկեղեցու շինարարական արձանագրությունը հրապարակել է նշանավոր տեղագիր Մակար Բարխուտարյանցը․

 «Յիշատակ է Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս,

Շինեցաւ Աղա Քալի Լազրովենց 1752 թվին Փրկչին»:

Եկեղեցու մուտքից աջ՝ ագուցված մի սրբատաշ քարի վրա, քանդակված է եղել խաչ և տարեթիվը.

«Թվին ՌՄԼԵ (1786)»:

Եկեղեցու մոտ կանգուն է եղել նաև գյուղի ծխական դպրոցի երկհարկանի շենքը, որտեղ խորհրդային կարգերի հաստատումից հետո գործել է Ավանաշենի դպրոցը: 1988 թվականին գյուղի ութամյա դպրոցում սովորել են 20 աշակերտ:

Եկեղեցու արևելյան կողմում գտնվել է գյուղի գերեզմանոցը, որտեղ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնաբերել է 19-րդ դարի սկզբով թվագրված հնագույն արձանագիր տապանաքարեր։

Գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող բլրագագաթի վրա տարածված է եղել Ավանաշենի հին գերեզմանոցը: Տապանաքարերի մեծ մասը Ս. Կարապետյանի այցելության ժամանակ արդեն հողածածկ են եղել: Հնավայրը հայտնի է եղել «Թարչխ» անունով:

Գյուղն այժմ կոչվում է Ղոշաքյանդ և բնակեցված է ադրբեջանցիներով»: