ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամային։
Նախագահական պալատում կայացած պաշտոնական արարողության շրջանակներում տեղի ունեցած զրույցի ընթացքում Գանայի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, վերահաստատել է Գանայի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները մի շարք ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա ներուժը։
ՀՀ դեսպանը, Գանայի նախագահ Ջոն Մահամային փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, իր հերթին ընդգծել է Գանայի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները խորացնելու և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը գրառում է կատարել Գանայի Հանրապետության նախագահական պալատի պատվավոր հյուրերի մատյանում։