Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Հաղորդվում է, որ այդ համատեքստում կողմերն ընդգծել են երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը: