Ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը եղավ, առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀԿ-ն, իսկ հետո՞…

Շարունակելու ենք ապրել ինչպես մինչև հունիսի յո՞թը՝ թույլ տալով, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը շարունակեն անել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում են

 

Սա այն հարցն է, որին այսօր պատասխանելն ընդդիմության համար թերևս ամենադժվարն է: Սա այն հարցն է, որի պատասխանն այսօր առավել հետաքրքրողն է հասարակության ընդդդիմադիր հատվածի համար:

Ընդդիմությունն արդյոք ունի՞ պլան Բ, և եթե այո, ե՞րբ է գործի դնելու այն՝ հիմա՞, թե այն ժամանակ, երբ կձևավորվի աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ:

Եթե իրականում ունի պլան Բ, բայց այն այսօր գործի դնելն օգուտ չի տալու, արդյունք չի տալու, այլ հակառակը՝ տալու է վնաս, և, հետևաբար, պլան Բ-ի գործադրմանը պետք է անցնել այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ կտա դա անել, ապա ընդդիմությունը, առանց պլան Բ-ի որևէ մանրամասն բացահայտելու, պետք է դրա գոյության մասին ժամ առաջ բացահայտ և ազնվորեն հայտարարի:

Պետք է հայտարարի՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ժամ ավելանում է իր հետ հույսեր կապած, բայց այժմ իրենից հիասթափվող մարդկանց քանակը՝ անհերքելի մի գործընթաց, որի շարունակումն ընդդիմության կողմից թույլ տալը կլինի աններելի, քանի որ երբ գա պլան Բ-ի գործադրման ժամանակը, շատ մարդիկ, որոնք այսօր կանգնած են իր կողքը, այլևս իր կողքը չեն լինի, նրանց մի մասն էլ, հնարավոր է, Հայաստանից գնացած կլինի:

Ընդդիմությունը չպետք է թույլ տա, որ մարդիկ կորցնեն իր հանդեպ ունեցած վստահությունը, հույսն ու հավատը, բայց և դա թույլ չտալու համար չպետք է ստի, չպետք է խաբի նրանց. եթե չունի պլան Բ, ապա թող այդ մասին հենց վաղն էլ ազնվորեն հայտարարի՝ միաժամանակ կոչ անելով իր անդամներին ու համակիրներին համախմբվել այն ուժի շուրջ, որը կարող է ի հայտ գալ առաջիկայում և ունենալ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական հայացքներին ու ծրագրերին մոտ քաղաքական հայացքներ, ծրագրեր ու, միաժամանակ, պատրաստ լինի իրագործելու այն, ինչին իրենք պատրաստ չեն՝ չունենալով այդ պլան Բ-ն:

 

 

Արթուր Հովհաննիսյան