Եղիշե Կիրակոսյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատումը օրվա թերևս ամենից շատ քննարկվող թեման է։ Եղիշե Կիրակոսյանի՝ պաշտոնից ազատման մասին դեռ երեկ՝ մարտի 5-ի երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկություն տարածեցին՝ հայտնելով, որ պաշտոնից հրաժարվելը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է։ Ի դեպ, երեկ նաև մամուլը տեղեկություն էր տարածել, որ Եղիշե Կիրակոսյանի հետ գրասենյակի մյուս աշխատակիցներն էլ են ազատման դիմումներ ներկայացրել, սակայն վարչապետի աշխատակազմի գրասենյակից հայտնել էին, թե աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այնինչ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը լրատվամիջոցներին հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ևս մեկ-երկու շաբաթ առաջ ազատման դիմում են գրել՝ չհստակեցնելով, թե այդ մեկ-երկու հոգին այնուամենայնիվ քանի աշխատակից է:
Նման որոշում կայացնելու տարբեր վարկածներ են ներկայացվում մամուլում, և քանի որ ինքը՝ Եղիշե Կիրակոսյանը որևէ կերպ չի մեկնաբանել ազատման դիմում գրելու վճռականությունը, ամենահավանական տարբերակ է դիտարկվում այն, որ Ադրբեջանը չարաբաստիկ խաղաղության պայմանագրի դեռևս չհամաձայնեցված դրույթներից մեկում Հայաստանի առաջ պահանջ է դրել միջազգային դատարաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերը՝ այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ կատարած վայրագությունների, հայ ռազմագերիների ու արցախյան ռազմաքաղաքական վերնախավի պատանդառության, Արցախը հայաթափելու և այնտեղի հայ բնակչությանը հայրենազրկելու, հայերի նկատմամբ էթնիկ զտումների վերաբերյալ։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացնում է Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից: Նկատի ունենալով, որ Փաշինյանը հնազանդորեն կատարում է Ալիևի բոլոր պահանջները՝ Եղիշե Կիրակոսյանին ամենայն հավանականությամբ հանձնարարվել է, իսկ գուցե պարտադրվել ջուրը գցել միջազգային հարցերով զբաղվող հայ իրավաբանների, իրավապաշտպանների, այդ թվում իր տարիների ջանքերն ու աշխատանքը, որը նրանք իրականացրել են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այլընտրանք չունենալով՝ Եղիշե Կիրակոսյանը որոշում է կայացրել Փաշինյանի հետ ՀՀ-ի դեմ այդ ոճրագործության մասնակիցը չդառնալ և նախընտրել է լռելյայն հեռանալ։ Թեև այս դեպքում շատ ավելի ազնիվ կլիներ ազատման դիմումի մեջ նշեր հեռանալու պատճառները և այդպիսով զգուշացներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ վարչապետ Փաշինյանի հերթական դավադրության մասին։ Ի դեպ, նշենք, որ միջազգային ատյանների հայցերը հետ կանչելու պահանջը միակողմանիորեն պետք է կատարվի, միայն Հայաստանի կողմից։ Այնինչ Ալիևյան ռեժիմը այսօր էլ դեռ շարունակում է Հայաստանի դեմ շինծու գործեր ուղարկել միջազգային դատարան։ Դեռ նոյեմբերի 19-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն էր ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ դատարանին մանրամասներ են ներկայացրել էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի բազմաթիվ խախտումների մասին։ Բաքուն նշել է, թե «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի 30 տարիների ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները՝ այդ ռեսուրսներն օգտագործելով իր օգտին»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կշարունակի փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար։ Բաքուն հայտարարել է, որ կշարունակի ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Հայաստանին «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար»։ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հիշեցրել է՝ նաև միջազգային իրավական այլ հարթակներում է պայքարում, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով։
Ավելի թարմ օրինակ է փետրվարի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացված հայցը՝ պահանջով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»): Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը թույլ է տվել այդ կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ «խախտումներ»։
Մինչդեռ Փաշինյանը այստեղ էլ փորձում է մանիպուլյացիաների միջոցով մոլորեցնել ժողովրիդն՝ պնդելով, թե նման պահանջ խաղաղության պայմանագրում ներառված է, սակայն այն վերաբերում է երկու կողմերին։ Այդ դեպքում ինչո՞ւ նրա կառավարությունը որևէ ձևով չի արձագանքում Բաքվի շարունակական հայցերին միջազգային ատյաններին, փոխարենը Ալիևը Հայաստանի կողմից նման ամեն քայլի պատերազմի սպառնալիքով է պատասխանում։ Փաշինյանը չի հերքում, որ ինքը համաձայն է սիրահոժար կատարել այդ պահանջը, միայն թե խաղաղության պայմանագիրը կնքվի։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրես»–ի հետ հարցազրույցում թեմային անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հայցերի հետքաշումը տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է հայկական կողմի համար:
Հետաքրքիր է՝ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո ով հանձն կառնի ավարտին հասցնել Ալիևի հրահանգով Փաշինյանի ստանձնած դավադիր սև գործը։
Թագուհի Ասլանյան