Թմրամոլություն, խաղամոլություն․․․ Փաշինյանի իշխանության հաղթաթղթերը
Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած երկրի ԱԺ-ում քննարկում են, թէ որքան հարկ կարող են ստանալ մոլախաղերի կազմակերպիչներից։ Այս միտքը երեկ արտահայտել է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Հարկավոր է կանգ առնել, որովհետև վտանգված է հայ մարդը, հայ ընտանիքը։ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արգելվի ամբողջովին»,- շարունակել է տնտեսագետը՝ ներկայացնելով իսլամի կրոնական առաջնորդների կարծիքը խաղամոլության վերաբերյալ։ Իսլամն իր պաշտպանության տակ է վերցրել մարդու միտքը, մարմինը, սերունդներին, կրոնը և սահմանել, թե ինչպես ճիշտ վարվել դրանց հետ: Իսլամն արգելել է որևէ կերպ վնասել մարդկային արժեքները։ Իսլամն արգելել է արբեցնող նյութերի օգտագործումը և մոլախաղերը, որոնք մարդուն զրկում են երկրային և հավերժական կյանքում երջանկությունից և խաթարում ընտանիքի և հասարակության անդորրը: Մարդկության պատմության ընթացքում հարբեցողությունն ու մոլախաղը, թմրամոլությունը միայն անախորժություններ են բերել և դարձել բազմաթիվ մարդկանց տառապանքի ու մահվան, ընտանիքների կործանման և հիվանդությունների տարածման, հանցագործությունների աճի պատճառ։ «Այս բարոյական արատները ունեն սոցիալական, բարոյական և տնտեսական հետևանքներ։ Այս սովորությունները մարդկության ամենավատ թշնամիներն են։ Որովհետև դրանք, ուղղակիորեն տիրանալով մարդուն, դառնում են ֆիզիկական և հոգևոր հիվանդությունների, ողբերգությունների պատճառ։ Մարդիկ, որոնք տառապում են հարբեցողությամբ, թմրամոլությամբ կամ մոլախաղերի կախվածությունից, ոչ միայն իրենց ամբողջ վաստակը ծախսում են իրենց մոլուցքի վրա, այլև վատնում են իրենց երեխաների փողերը։ Անցնելով ողջամիտ բոլոր սահմանները՝ նրանք ֆիզիկական և բարոյական վնաս են հասցնում իրենց ամուսնուն և երեխաներին և նույնիսկ, հատելով սահմանը, հանցագործություններ են կատարում»,- շարունակում է տնտեսագետը։
Հրայր Կամենդատյանի մտահոգությունը տեղին է, և մեր երկրում վիճակագրությունը տխուր փաստերի մասին է։ Պարզվում է՝ Փաշինյանի իշխանության տարիներին մարդիկ ավելի շատ են տարվել խաղամոլությամբ՝ դրա բոլոր ողբերգական հետևանքները «վայելելով»։ Այնինչ պետությունը փոխանակ պաշտպանելու նման մարդկանց, սատարելու նրանց և նրանց ընտանիքներին, այդ մարդկանց օգնելու հոգեբանական ու բուժական կենտրոններ հիմնելու, օգտվել է առիթից՝ ավելի մեծ հարկեր սահմանելով մոլախաղերի համար և դրանով իսկ նպաստելով չարիքի տարածմանը։ Այսօր էլ ԱԺ քպ-ական մեծամասնությունը հերթական՝ խաղամոլությունը խթանող և դրանից իր համար օգուտներ քաղող նախագծին կյանքի ուղեգիր տվեց։
ԱԺ ՔՊ խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի առաջարկած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում և «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Մյուս քվեարկությամբ ՔՊ-ն որոշեց օրենքն ընդունել հատուկ ռեժիմով։ Նախագծով առաջարկվում է խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը առկա հարկերից և տուրքերից բացի հարկել ևս 10 % շրջանառության հարկով: Նախագծի հիմնավորումն էլ շատ զավեշտալի կլիներ, եթե այդքան տխուր հետևանքներ չունենար։ Քպ-ականներն իրենք էլ ընդունում են, որ իրենց իշխանության տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին մոտ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ: 2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 7.2 տոկոսի չափով: 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով: Շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Փաստորեն այս մարդկանց մտահոգում է ոչ թե այդ մոլուցքով տարվողների թվի կտրուկ աճը, այլ այն, որ մոլախաղերի շահույթն ավելացել է, իսկ իրենք դրանից այդքան քիչ եկամուտ են ունենում հարկերի տեսքով։ Ուրեմն ինչո՞ւ չբարձրացնեն հարկերը ու իրենց հաճույքների համար ծախսերն ավելացնելու նոր աղբյուրներ չստեղծեն։ Ու Հայկ Սարգսյանին առաջարկել են մի նախագիծ պատրաստել, որով ոչ թե արգելվում կամ գոնե սահմանափակվում է մոլախաղերի տարածումը, հանրայնացումն ու մատչելիությունը, այլ նախատեսվող հարկերից ու տուրքերից բացի՝ ևս 10 տոկոս շրջանառության հարկ մտցնել ու ավելացնել պետական բյուջեի հոսքերը։ Դե իսկ թե պետական բյուջեն ում դրամապանակն է իրականում՝ դա վաղուց բոլորիս հայտնի է։
Ի դեպ, վերջին 5 տարիներին այս ոլորտում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակելու անվան տակ ավելի շատ հարկել մոլախաղերի սեփականատերերին։ Հարկային բեռը մի քանի անգամ բարձրացել է, բայց դա փաստորեն ոչ միայն չի սահմանափակել մոլի խաղերի մատչելիությունը մարդկանց համար, այլև, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ մոլախաղերը միայն ավելի լայն տարածում են գտել, ավելի մեծ թվով մարդիկ են իրենց եկամտի հույսը կապել մոլախաղերի հետ: Եթե 2018 թվականին 0,3 տրլն դրամ ընդհանուր խաղադրույք է արվել, 2019 թվականին՝ 1,1 տրլն, ապա հետագա տարիներին այդ թիվը միայն աճել է՝ մանավանդ հարկային բեռի ավելացումից հետո։ 2022 թվականին խաղադրույքների ընդհանուր թիվը հատել է 5,8 տրլն-ի սահմանը, իսկ 2024 թվականին 7,1 տրլն է կազմել։
Հարկային ծանրաբեռնվածությունը, ինչպես նշում են մասնագետները, միայն մեկ նպատակի կարող է ծառայել՝ ոլորտից փոքր տնտեսվարողների դուրս բերմանն ու կայուն մենաշնորհի ապահովմանը։ Փոխարենը տնտեսվարողի վրա ցանկացած նոր հարկ արտացոլվում է սպառողների վճարների վրա, այսինքն՝ տվյալ ապրանքի, ծառայության գինն է ավելանում, ինչն էլ փոխհատուցում է տնտեսվարողի հարկային ծախսերը։ Բայց հաշվի առնելով, որ խաղամոլությունը ի վերջո կախվածություն է, մոլուցք, ապա խաղադրույքների արժեքը հետ չի պահի խաղամոլին, միայն նրան կստիպի ընտանիքից ավելի մեծ գումարներ տանել կամ գումար հայթայթելու համար դիմել ծայրահեղ քայլերի։ Մեզանում նման վիճակագրություն չկա, թե քանի ընտանիք է դժբախտանում, երբ տան անդամներից որևէ մեկը տարվում է մոլի խաղերով, բայց միջազգային փորձը բավական է, որպեսզի տխուր հետևություններ արվեն։
Մի կողմից թմրամոլության թվի աճը, մյուս կողմից մոլախաղերով տարվողների կտրուկ աճը Փաշինյանի իշխանության նկարագիրն են, և խելամիտ մարդը լուրջ հետևություններ կանի, թե իրականում ինչ նպատակով եղավ 2018 թվականի գունավոր հեղաշրջումը և որն է Փաշինյանի հռչակած այսպես կոչված «նոր Հայաստանի» կոնցեպտը՝ սերունդների կործանումը հիմա էլ սպիտակ սպանդի միջոցով։
Թագուհի Ասլանյան

