Ուկրաինան առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Կիևն առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում՝ ընդգծելով, որ համաձայնագրի 10-րդ կետում ամրագրված են անվտանգության երաշխիքները։

Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն արդեն պատրաստել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը հայտնի է որպես «Ընդերքի մասին համաձայնագիր»։ Փաստաթուղթը նախնական պայմանագիր է Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։

«Մենք չենք դիտարկում առանց անվտանգության երաշխիքների որևէ համաձայնագրի ստորագրում։ Այս համաձայնագիրը ուղղակիորեն կապված է անվտանգության երաշխիքների հետ։ Ոչ Ուկրաինայի նախագահը, ոչ էլ կառավարությունը չեն դիտարկի դրա ստորագրումը առանց այդ բաղադրիչի»,– շեշտել է Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ համաձայնագրի հիմքում դրված են երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ճարտարապետության վրա հիմնված տնտեսական կայունության և անվտանգության ամրապնդման կոնկրետ քայլեր։