Զորավար Անդրանիկ -160

«Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար` համարյա բան չգիտի: Սրա համար կարելի է ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է հայ ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության բացատրելի, բայց անքավելի մեղքը…»,- գրել է Պարույր Սևակը:

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։

Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։

Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։

Ես առանձնակի հաճույքով էի կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում իբրև ազգային հերոսի, ով իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։