Ասպերգիլոզը մահվան հանգեցնող չորս ամենատարածված պատճառներից մեկն է

Փետրվարի 1-ը՝ ասպերգիլոզի համաշխարհային իրազեկման օր

Ասպերգիլոզը Aspergillus (ասպերգիլուս) տեսակի բորբոսասնկերով հարուցվող վարակ է։ Հայտնի է Aspergillus-ի 180 ենթատեսակ, որոնցից մոտ 40-ը վարակ են առաջացնում մարդկանց շրջանում: Առավել տարածված տեսակները՝ A. fumigatus-ը և A. flavus-ը, հանդիպում են շրջակա միջավայրում ամենուր՝ հողում, քայքայվող բույսերի մնացորդներում, կենցաղային փոշում, շինանյութերում, բույսերում, սննդում և ջրում: Մարդիկ վարակվում են Aspergillus-ի սպորները ներշնչելով, այն չի փոխանցվում մարդուց մարդուն:

Ասպերգիլոզի դեպքերն հիմնականում սպորադիկ են, սակայն երբեմն առաջացնում է բռնկումներ՝պայմանավորված բժշկական կազմակերպություների կառուցման կամ վերակառուցման հետ՝ շինարարական փոշու ազդեցությամբ, կամ բաղարկված բժշկական սարքերի օգտագործման հետ:

Մարդկանց մեծամասնությունը Aspergillus–ի հետ շփումից հետո ոչ մի ախտանշան չի ունենում: Այս առումով վտանգված են ռիսկի խմբի մարդիկ, որոնց մոտ կարող է առաջացնել մեղմ կամ ծանր հիվանդություններ՝ թոքերի քրոնիկ հիվանդություններ և տարածուն վարակներ: Հիվանդության զարգացման ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգ, թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցողները (ասթմա, տուբերկուլյոզ և կիստոզ ֆիբրոզ), հակաքաղցկեղային բուժում ստացողները, ցողունային բջիջների կամ օրգանների փոխպատվաստման ենթարկվածները, երկարատև գրանուլոցիտոպենիա, հեմատոլոգիական չարորակ նորագոյացություններ ունեցողները: Բորբոսի սպորները ներշնչելիս իմունային համակարգի բջիջները շրջապատում և ոչնչացնում են դրանց: Սակայն թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ ասպերգիլները ներթափանցում են թոքեր, իսկ որոշ դեպքերում՝ մարմնի այլ մասեր: Ասպերգիլոզը ներառված է նաև օպորտունիստական հիվանդությունների խմբում:

Ասպերգիլոզը դրսևորվում է տարբեր կլինիկական ձևերով, սակայն հազն ու դժվարաշնչությունը բոլոր տեսակների ընդհանուր ախտանշաններն են: Վարակի որոշ տեսակներ առաջացնում են գլխացավ, հոգնածություն և արյունոտ հազ:

Հիմնական դրսևորումներն են ալերգիկ ռեակցիան, ասպերգիլոման և ինվազիվ ասպերգիլոզը:

Ալերգիկ ռեակցիա. Ասթմայով կամ կիստոզ ֆիբրոզով տառապող որոշ մարդիկ ալերգիկ ռեակցիա ունեն Aspergillus բորբոսի նկատմամբ: Այն հայտնի է որպես ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլոզ, դրսևորվում է տենդով, հազով, որը կարող է հանգեցնել արյան կամ լորձի խցանների, ասթմայի սրացման:

Ասպերգիլոմա. Թոքերի որոշ քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են էմֆիզեման, տուբերկուլյոզը կամ սարկոիդոզը, կարող են հանգեցնել թոքերի օդային տարածությունների (խոռոչների) ձևավորմանը: Սնկային մանրաթելերը ներթափանցում են խոռոչներ և վերածվում սնկային գնդիկների, որոնք հայտնի են որպես ասպերգիլոմաներ: Այն կարող է ոչ մի ախտանշան չառաջացնել կամ սկզբում՝ միայն մեղմ հազ: Սակայն, բուժում չստանալու դեպքում, ժամանակի ընթացքում ասպերգիլոմաները խորացնում են թոքերի հիմքում քրոնիկ բորբոքումը և հարաճում արյունային հազի, դժվարաշնչության, հոգնածության, քաշի կորստի:

Ինվազիվ ասպերգիլոզ. Աասպերգիլոզի ամենածանր ձևն է, երբ վարակն արագորեն տարածվում է թոքերից դեպի ուղեղ, սիրտ, երիկամներ կամ մաշկ: Չբուժման դեպքում ասպերգիլոզի այս ձևը ավարտվում է մահվան ելքով: Այն ուղեկցվում է ջերմությամբ, դողով, արյունոտ հազով, շնչառության դժվարությամբ, կրծքավանդակի կամ հոդերի ցավով:

Ասպերգիլոզի այլ տեսակներ. Դրսևորվում են աչքերի, մաշկի ախտահարմամբ, սինուսիտներով:

Համաձայն հետազոտության տվյալների՝ ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլոզը զարգանում է կիստոզ ֆիբրոզով հիվանդների 1-ից 15%-ի մոտ: Գնահատվել է, որ ասթմայով տառապող մեծահասակների 2.5%-ը ունի բրոնխաթոքային ասպերգիլոզ, ինչը կազմում է մոտավորապես 4.8 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, որոնցից մոտ 400,000-ը՝ քրոնիկ թոքային ասպերգիլոզ: Գնահատվել է նաև, որ տուբերկուլոզով հիվանդներից 1.2 միլիոնը, իսկ սարկոիդոզով հիվանդներից ավելի քան 70,000-ը ունեն քրոնիկ թոքային ասպերգիլոզ՝ որպես բարդություն:

Ինվազիվ ասպերգիլոզով տառապող մարդկանց մեկ տարվա գոյատևման մակարդակը կազմել է 59% օրգանների փոխպատվաստում և 25% ցողունային բջիջների փոխպատվաստում ստացողների շրջանում: Կարևոր է նշել, որ դիահերձման ուսումնասիրությունների համակարգված վերանայման արդյունքում գնահատվել է, որ ասպերգիլոզը մահվան հանգեցնող չորս ամենատարածված պատճառներից մեկն է:

Aspergillus-ով վարակվելուց խուսափելը գրեթե անհնար է: Կանխարգելման նպատակով ռիսկի խմբի մարդկանց առաջարկվում է խուսափել բորբոսի հնարավոր վայրերից, ինչպիսիք են շինհրապարակները, պարարտանյութի կույտերը և հացահատիկի պահեստները, ինչպես նաև կրել դիմակ ասպերգիլների հետ շփումից խուսափելու համար:

Բուժումը կախված է վարակի տեսակից և սովորաբար կատարվում է հակասնկային դեղամիջոցներով: Ինվազիվ ասպերգիլոզի դեպքում կարևոր նշանակություն ունի ժամանակին բուժումը: Հարկ է նշել, որ Aspergillus–ի հակամանրէային կայունության զարգացումը գնալով ավելի հրատապ խնդիր է դառնում:

Հարկ է նշել, որ ասպերգիլոզի հազվադեպությունն ու ախտորոշման բարդությունը հաճախ հանգեցնում են սխալ ախտորոշումների և տարիներ են պահանջվում ախտորոշումը հաստատելու համար: Սա ընդգծում է ինչպես առողջապահության ոլորտի մասնագետների, այնպես էլ բնակչության իրազեկվածության բարձրացման հրատապ անհրաժեշտությունը: Ուստի ասպերգիլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը նրա մասին կարևոր տեղեկատվության տարածման հնարավորությունն է:

«Հերացի» վերլուծական