Փաշինյանը և Մակրոնը Գյումրիում ներկա են «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա են «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակին և Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի կատարած պետական այցին։
Համերգը մեկնարկել է Ֆրանսիայի և Հայաստանի պետական օրհներգերի կենդանի կատարմամբ։ Բեմում հնչել են աշխարհահռչակ շանսոնյե, ծնունդով ֆրանսիացի, ազգությամբ հայ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։
Կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանը և Ֆրանսիան ներկայացնող երգիչներ։
Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված համերգին ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և քաղաքացիներ։

