Թբիլիսիում այսօր բողոքի ցույց է անցկացվելու
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին կկայանա հանրահավաք՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պայմանավորված։
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, բողոքի ակցիայի կազմակերպիչը միասնական ընդդիմությունն է։ Հանրահավաքի անցկացման մասին կազմակերպիչները հայտարարել էին դեռ օրեր առաջ։
Հոկտեմբերի 31-ին ընդդիմադիրների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն հայտարարել էր, որ նոյեմբերի 4-ին հրապարակելու են ընդդիմության հետագա գործողությունների պլանը։
«Մեր հիմնական նպատակն է, որ այս ընտրությունները ճանաչվեն ոչ լեգիտիմ»,-հայտարարել է Դոլիձեն՝ ընդգծելով, թե իրավական շրջանակում կշարունակեն բողոքի ակցիաները։

