Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը․ ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
Հայկական կողմը շտապել է նորոգել Մարգարայի անցակետը, քանի որ թուրքական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ անցակետը պետք է գործի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը անցակետի գործել-չգործելու և այլ պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ։
Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հա՞յ աշխատակիցներ, թե թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ՝ Բադասյանն պատասխանեց, թե բացառված է նման բան. «ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- ասաց նա։
Ռուստամ Բադասյանը հայտնեց նաև, որ Մարգարայի անցակետի նորոգման համար պլանավորած էր ծախսել մոտ 800 միլիոն դրամ։
«Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։

