ՔՊ-ականներն արդեն տեսնում են՝ թագավորը մերկ է
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած տղայական ռազբորկան (ի դեպ, դա հենց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի գնահատականն է) հերթական անգամ երևան հանեց այս իշխանության ողջ փայլն և թշվառությունը։
Մեկը մյուսին հերթ չտալով, իրար անվանարկելով, երկուսն էլ արձանագրեցին մերկ ճշմարտությունը, այն է՝ 6 տարի շարունակ այս իշխանությունը օգտագործում է «արդարադատություն» կոչվածը որպես մահակ ընդդիմախոսների գլխին, իսկ կոռուպցիան, հովանավորչությունը՝ հարցերը լուծելու (տեղը գցելու) լավագույն միջոց։ Եվ որպեսզի այս եզրահանգումն անհենք չլինի, ներկայացնենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ երկու կարկառուն գործիչների միջև։
Եվ այսպես՝ Արգիշտի Քյարամյանը, ով պատասխանում էր Աղազարյանի հարցին, հուզված ինչ-որ մեկի ռեպլիկից արձագանքեց. «Բան ասեցի՞ք։ Այդ սև շորերով պատգամավորը»։
Հովիկ Աղազարյանը հակադարձեց Քյարամյանին, թե բա՝ շատ կոպիտ է արձագանքում, որի իրավունքը չունի․ «Կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար։ Պարոն Վարդանյան, Դուք էլ լսեք, երբ ասում ենք՝ կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց, հո անտեղի չենք ասում, ուրեմն ինչ-որ բան գիտենք, լսել ենք։ Ափսոս, պարոն Քյարամյանը գնաց, նույնիսկ ինքը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել»։
․․․
«Ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ, միգուցե կռի՞վ անեմ։ Ինչո՞ւմն է դժգոհությունը, դա մեկ։ Երկրորդը, ռեպլիկի հետ կապված՝ էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», – Հովիկ Աղազարյանի կողքը հայտնված Քյարամյանը արձագանքեց, շարունակելով. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»։
Այսինքն՝ ստացվում է, որ հենց իրենք են ասում, որ գալով իշխանության մի շարք ստերով, կեղծիքներով և մանիպուլյացիաներով, իրենք կիրառում են կալանքը որպես զենք՝ ճնշելու, լռեցնելու և հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու։
Իհարկե, սա նորություն չէ սթափ մտածող մարդկանց համար, բայց այդ դեպքում ուր է նայում իրավապահ համակարգը, ինչո՞ւ այդ նույն դատախազներն ու քննիչները հետամուտ չեն լինում այսօրինակ հարցերի քննությանը, մի՞թե չունեն մասնագիտական շահագրգռվածություն ապահովելու պետության արդար և թափանցիկ կառավարումը, իսկ գուցե չունե՞ն հրահանգ, ինչպես նախկին նախագահների, քաղաքական գործիչների և ընդդիմախոսների դեպքում է․․․
Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես 2019-ին ՀՀ 3-րդ նախագահին մեղադրանք առաջադրվեց, ըստ որի՝ նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։ Դատախազությունը պնդում էր, որ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։
Իհարկե, նախագահին մեղադրանք առաջադրելու հանգամանքը մեկնաբանելու գայթակղությանը չդիմանալով՝ Նիկոլ Փաշինյանը շտապեց (այնպես, ինչպես 2023 թ․ հունվարի 19-ին զորամասում 15 զինծառայողի ողջակիզման հանգամանքները շտապեց «բացահայտել» և ուղղորդել նախաքննությանը) ԱԺ ամբիոնի մոտ հերթական անգամ այդ ամենը ներկայացնելու որպես «թալանը ժողովրդին վերադարձնելու» 2018-ին իր տված խոստումների ապացույց։ Գյուղացիներին մատչելի դիզվառելիք տրամադրելու այդ ծրագիրը նախ անվանեց կոռուպցիոն ծրագիր, որը գյուղացիներին ոչինչ չի տալիս, հետո շարունակեց, իսկ հիմա ինչ է պարզվում, որ Սերժ Սարգսյանը հանձնարարում է, որ գնեն ոչ թե այն ընկերությունից, որը մրցույթին էժան գին է առաջարկում, այլ «էն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի։ Այդ ընկերության անունն է Ֆլեշ», -հեգնական տոնով ընդգծեց Փաշինյանը։
Ավելի քան 4 տարի տևած դատական շոու-ֆարսի արդյունքում, վերջապես դատարանը վճռեց Սերժ Սարգսյանին արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ նախագահը հայտարարեց. «Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն կապրեի: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի»: Նա հավելեց նաև, որ այս դատավարությունը ցույց տվեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը ճիշտ է արել՝ գյուղացիների համար վառելանյութ գնելով Բարսեղ Բեգլարյանից. «Որովհետև շատ ակնհայտ է, եթե դուք ուշադիր հետևել եք դատաքննության պրոցեսին, ապա բոլորին էլ, այսպես ասեմ՝ շա՜տ հստակ հասկանալի է դարձել, որ ուրիշ որևէ ընկերություններ, հատկապես նրանք, ովքեր իբր դիմել են, բողոքել են, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու»:
Անշուշտ, ինչպես 3-րդ նախագահն էր ասել, այնպես չէ, որ դատարանի վճռով պետք է երջանկանա կամ ողբերգություն ապրի, քանզի ամեն ինչ ակնհայտ էր․ այս դատական գործընթացը կիրառվում էր նախագահի վրա որպես մանիպուլյացիայի և ստի բաստիոնի ծանր զենք, ինչը պայթեց հենց իրենց ձեռքով։
Ու այսօր արդեն հենց իրենք՝ կարկառուն քպ-ականներն են արձանագրում, որ մենք ապրում ենք ոչ թե «իրական Հայաստանում, այլ ծուռ հայելիների աշխարհում, որտեղ իրականում «թագավորը մերկ է», իսկ քպ-ականներն արդեն հոգնել են անդադար հաճոյանալու և ներկայացնելու այդ նույն թագավորիկին իր զգեստի նկարագիրը, որն իրականում գոյություն չունի, և դա է պատճառը, որ արդեն քպ ներսում տարբեր սկանդալներ են գոյանում, որի լուռ վկան մնում է կործանվող Հայրենիքը։
-Չէ, պարոնայք իշխանավորներ, դուք չեք պրծնելու ու փրկվելու այդ կործանումից, դուք վաղուց սկսել եք կործանել ինքներդ ձեզ։
Ժաննա Ծառուկյան

