Այսօր ծննդյան 85-ամյակն է տոնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը

Այսօր ծննդյան 85-ամյակն է տոնում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը: Այս մասին գրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։

«Հայ մամուլի, հասարակական մտքի և հայկական գաղթօջախների պատմության գործում անուրանալի ներդրում ունի ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Արմենակի Խառատյանը։ Նրա հոդվածներն ու գրքերն իրենց պարունակած հիմնահարցերի լայնությամբ ու խորաթափանցությամբ, մասնագետների մի ամբողջ սերունդ են կրթել և դաստիարակել։ Այդ գործընթացը շարունակվում է մեր օրերում նույնպես՝ մշտապես կրելով արդիական շեշտադրումներ և համահայկական արժեքներ։

Ալբերտ Խառատյանը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Դպրոցն ավարտել է 1959 թվականին և նույն տարին ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ։ Այն ավարտել է 1964 թվականին։

1964-1966 թվականներին աշխատել է ՀՍՍՀ Ապարանի շրջանի Ծաղկահովիտ, այնուհետև Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղերում՝ որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ։

1967 թվականին ընդունվել է Հայկական Սովետական Հանրագիտարանի Հատուկ գիտական խմբագրություն, իբրև խմբագիր, այնտեղ աշխատելով մինչև 1973 թվականը։

1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Զմյուռնիայի հայ մամուլը 19-րդ դարի 60-ական թվականներին» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հասարակական միտքը արևմտահայ մամուլում (1840-1900)» թեմայով և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1983 թվականին ստացել է մամուլի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչում, իսկ 1987 թվականին նույն մասնագիտությամբ պրոֆեսորի կոչում Երևանի պետական համալսարանում։ 2010 թվականից նա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է։

1973-1985 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար։

1985 թվականի հուլիսին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ՝ ստանձնելով Հայ հասարակական մտքի և մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատողի, ապա 1992 թվականից՝ նույն բաժնի վարիչի պարտականությունը, որ համատեղության կարգով կատարում է մինչ օրս։

1988-2017 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում։

2017 թվականից ց’այսօր Ալբերտ Խառատյանը ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» հայագիտական միջազգային հանդեսի գլխավոր խմբագիրն է։

2005 թվականից նա «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հասարակագիտական բաժնի խմբագիրն է։

1974-2021թթ. Ալբերտ Խառատյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 1986 թվականից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի նախ՝ ամբիոնում, ապա՝ ֆակուլտետում, իսկ 2002 թվականից ց’օրս՝ արևելագիտության ֆակուլտետում։ Նա դասախոսական աշխատանք է կատարել նաև հանրապետության այլ բուհերում։

Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում Ալբերտ Խառատյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել 12 ասպիրանտ և հայցորդ։

Քանիցս անդամակցել է մի շարք գիտական խորհուրդների։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։

Ալբերտ Խառատյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների՝ նվիրված հայ-ֆրանսիական պատմամշակութային (Երևան, 1995 թվականի հոկտեմբերին և 1997 թվականի նոյեմբերին), հայ-իտալական տնտեսական ու քաղաքական-մշակութային կապերին (Տուրին-Ջենովա-Լիվոռնո-Պիզա, 1997 թվականի մարտին), Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի՝ Զմյուռնիայի հայ գաղթօջախի (2002 թվականի նոյեմբերին) և Հայկական Երուսաղեմի (2004 թվականի նոյեմբերին) հիշարժան տարեթվերին։

Վաստակաշատ գիտնականի ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի մասնավորապես արևմտահայ ու գաղութահայ հասարակական մտքի, արևմտահայերի Ազգային Սահմանադրության, ինչպես նաև հայկական գաղթօջախների և արևմտահայ մամուլի, օսմանյան գրաքննության ու արևմտահայ խոշոր՝ Կ․ Պոլսի ու Զմյուռնիայի գաղթօջախների պատմությանը։ Այս առումով հիշատակության են արժանի նրա հետևյալ մենագրությունները՝ «Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից», «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» (2015 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին), «Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908)», «Հասարակական միտքը Զմյուռնիայի հայ մամուլում (1840-1900)», «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը XV-XVII դարեր»։ 2009 թվականին վերջին աշխատությունն արժանացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակին: 2022թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակությամբ լույս տեսավ «Զմյուռնիայի և Էգեյանի առափնյակի հայկական այլ գաղթօջախները (XVI– XIX դ. I կես)» աշխատությունը՝ նվիրված փոքրասիական արևմուտքի հայկական հնագույն համայնքներին։

Պատմական գիտությունների դոկտոր Հենրիկ Սվազյանը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանի աշխատությունների համար բնորոշ է համարել դրանց նորութայնությունն ու գիտական խորությունը : Ահա այսպես է նա բնութագրել գիտության նվիրյալի տասնամյակների աշխատանքը․ «Կենտրոնանալով արևմտահայ մամուլի ուսումնասիրության վրա՝ Ա. Խառատյանը մանրախույզ քննությամբ բացահայտում է դրա համազգային բնույթը, վերաբերմունքը հայրենիքում և գաղթօջախներում տեղի ունեցող իրադարձություններին, ազգային ինքնության պահպանմանը միտված ջանքերը: Նրա տեսադաշտից դուրս չեն մնացել և ամենայն ճշգրտությամբ պատկերվել են այն պայմանները, որոնցում հարկադրված էին ապրել և ստեղծագործել հայ մամուլի երախտավորներն արտերկրում: Անխոնջ գիտնականի աշխատությունները վավերագրական նյութերի յուրովի ժողովածուներ են, որոնց լույսի ներքո անսքող թափանցիկությամբ ուրվագծվում է արևմտահայության հասարակական-քաղաքական կյանքն իր համակողմանիությամբ» :

«Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը XV-XVII դարեր» վերնագրով մենագրության լույս ընծայման առիթով գրված գրախոսականում Մանվել Զուլալյանն իր հերթին առանձնահատուկ է համարել այն մինչ այդ տվյալ գաղթօջախի վերաբերյալ գրված ուսումնասիրությունների մեջ․ «Հեղինակը հանդես է բերել գաղթօջախի պատմության խնդիրները ի նորո գնահատելու, դրանցում նոր ծալքեր բացահայտելու անվիճելի կարողություններ, որով ուսումնասիրությունը ստանում է գիտական լուրջ արժեք և արդիական նշանակություն: Վերջին տասնամյակներին կուտակված աղբյուրագիտական հարուստ տվյալները Ա. Խառատյանին հնարավորություն են տվել անել բազմաթիվ ճշտումներ, առավել լիարժեք դարձնել կամ հերքել այս կամ այն տեսակետը և առաջ քաշել ու հիմնավորել սեփական մոտեցումները» : Հեղինակի այս աշխատությունը հավակնում է այն նորություններին, որոնք վերաբերում են պոլսահայ համայնքի ու նրա պատրիարքության զարգացման, օսմանյան ավանդական հասարակության մեջ քաղաքի հայ բնակչության կենսապայմանների, գաղթավայրում գործող հարկային համակարգի և դրանց կապվող խնդիրների գնահատականին։ Ուշադրություն է դարձված գաղթավայրի հայության տնտեսական կյանքին՝ դա դիտարկելով երկրի տնտեսական իրողությունների համատեքստում։ Այս բոլոր խնդիրները, միաժամանակ պատրիարքական աթոռի համար գաղթավայրում սկիզբ առած բախումները և պայքարը մենագրության մեջ ներկայացված են 250-ամյա ժամանակաշրջանի հենքի վրա։ Մեծ տեղ է հատկացված նաև Օսմանյան կայսրության մեջ գերության համակարգին ու դրա հետ պոլսահայության առնչությունների խնդիրներին։ Պակաս կարևոր չէ Կ․ Պոլսի հայ և հույն ազգաբնակչության շփումներին վերաբերող անդրադարձը։ Ընդհանուր առմամբ, այս աշխատության մեջ հիմնովին և մանրակրկիտ կերպով լուսաբանված են մասնավորապես Կ․ Պոլսի գաղթօջախի կազմավորումը,Կ․ Պոլսի հայ պատրիարքության հոգևոր-վարչական նկարագիրը, հայ համայնքի տեղն օսմանյան ավանդական հասարակության մեջ։

Ալբերտ Խառատյանը գրեթե միշտ ընտրել է քիչ ուսումնասիրված կամ պարզաբանումների կարոտ թեմաներ՝ բացելով առաջին արահետներն ու խոր հունը հայ մամուլի և հասարակական մտքի, հայկական գաղթօջախների պատմության խորխորատներում։ «Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908)» վերնագրով մենագրության մեջ, օրինակ, մեր պատմագիտության մեջ առաջին անգամ ներկայացվել է արևմտահայ մամուլի իրավական դրությունն օսմանյան գրաքննության ներքո՝ 1857-1908 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված էր արևմտահայերի հասարակական-քաղաքական կացությամբ ու նրանց հանդեպ օսմանյան պետության վարած քաղաքականությամբ։ Պետք է նշել, որ հեղինակն այս հիմնախնդրի մասին պատկերացում է տվել թե´ հայ, թե´ Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների, թե´ Կ․ Պոլսում եվրոպական լեզուներով հրատարակված պարբերականների օրինակով։

Իր կարևորությամբ առանձնահատուկ է Ալբերտ Խառատյանի՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» վերնագրով մենագրությունը։ Պետք է ասել, որ այստեղ 1900-1920-ական թվականների հայ մամուլն, իր պատմության ողջ ժամանակաշրջանով հանդերձ, գիտական ուսումնասիրության առարկա է դարձել առաջին անգամ։ Առանձին պարբերականների հետազոտության և ընդհանուր տեսության ձևաչափով քննարկվել են շուրջ 40 հրատարակություններ՝ ցույց տալով դրանց տեղն ու նշանակությունը հայ մամուլի պատմության մեջ։ Գրքում վերարտադրված են Կ․ Պոլսում և Զմյուռնիայում վերոնշյալ ժամանակահատվածում հրատարակված հայկական ոչ կուսակցական մամուլի (ըստ հարկին՝ նաև կուսակցական) ազգային ու հասարակական բովանդակության հիմնական կողմերը։ Պատմական գիտությունների դոկտոր Նորայր Սարուխանյանը պատմագիտական խոշոր ներդում է համարել Ալբերտ Խառատյանի այս մենագրությունը՝ մասնավորապես գրելով հետևյալը․ «Հեղինակը գիրքն ընթերցողին ավելի մատչելի դարձնելու նպատակով այն բաժանել է երեք փուլի. նախ, անցյալ դարասկզբից մինչև Առաջին աշխարհամարտ, երկրորդ՝ Առաջին աշխարհամարտի և ցեղասպանության տարիներ և երրորդ՝ մամուլը զինադադարից հետո, մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը: Ժամանակագրական այս կառույցը, կարելի է կարծել, համապատասխանում է ուսումնասիրվող նյութի թելադրած ներքին տրամաբանությանը և, առհասարակ, արևմտահայ մամուլի պատմության վերջին տասնամյակների ընթացքին: Գրքում հետևողականորեն ցույց է տրվում, որ վերոնշյալ բոլոր ժամանակափուլերում մամուլը կրել է որակական փոփոխություններ՝ առնչված ազգային կյանքի տեղաշարժերի, Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական զարգացումների, համիդյան բռնատիրության և, այնուհետև, երիտթուրքերի վարած ցեղասպանության քաղաքականության, ապա՝ Կ. Պոլսի և Զմյուռնիայի գաղթօջախների ազգային իրականության հետ» ։

Վերջես հրատարակվեց (Ե., 2022, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) մենագրությունը («Զմյուռնիայի և Էգեյանի առափնյակի հայկական այլ գաղթօջախները (XVI– XIX դ. I կես)»): Կարևորն այստեղ այն է, որ հենվելով նորագույն վավերագրերի և ուսումնասիրությունների ( և ամենից առաջ՝ Գևորգ Ասլան ականավոր հայագետ, ակադեմիկոս, Հ. Բարթիկյանի պատմաքաղաքական հետազոտությունների վրա), Ա. Խառատյանը Էգեյանի հայ գաղթօջախների պատմությունը սկսվում է VI դ.՝ Փոքր Վաարդանի պատմական հայտնությամբ, Բերգամայում, տարածաշրջանի այդ հնագույն գաղթօջախի շարունակության ընդգրկումով: Այնուհետև, որ ինքնին մակաբերվում է այս աշխատության շարադրանքից, Էգեյանի հայկական գաղթօջախի պատմությունը սերտորեն առնչվում է Կիլիկիայի հայկական թագավորոււթյան և Խաչակրաց արշավանքների ճակատագրին: Եվրոպայի հետ հետագայում ևս շարունակվող առևտրատնտեսական կապերը բավարար հիմք և հող ստեղծեցին զմյուռնահայ հանրություն-եվրոպական երկրներ փոխհարաբերության համար, որի հոգևոր դրսևորումներն ենք տեսնում զմյուռնահայ մշակույթի անդաստանւմ և որին հանգամանորեն անդրադարձել է այս աշխատության հեղինակը:

Ալբերտ Խառատյանի հոդվածները և ուսումնասիրություններն ընդգրկվել են հայ մամուլին և մեր ժողովրդի պատմությանը նվիրված ակադեմիական բովանդակությամբ այնպիսի կարևոր բազմահատորյակներում, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակության պատրաստած «Հայ գաղթաշխարհի պատմություն» բազմահատորյակի երկրորդ և «Հայոց պատմություն» քառահատորյակի երկրորդ հատորի երկրորդ գիրքն ու երրորդ հատորի առաջին և երկրորդ գրքերը, «Հայ պարբերական մամուլի պատմություն» երկհատորյակը։ Նա հիշյալ գիտական կոլեկտիվ մենագրությունների նաև համահեղինակներից ու խմբագիրներից մեկն է։

Ալբերտ Խառատյանի բեղուն գրչին են պատկանում գիտական 8 մենագրություն, 200-ից ավել գիտական և հանրագիտարանային հոդվածներ, բազմաթիվ արժեքավոր գրախոսականներ ու հրապարակումներ։ Նրա մանրակրկիտ աշխատանքի արդյունքն են մասնագիտական պահանջարկ ունեցող՝ «Մեղու» (1856-1865 թթ․) և «Արևելյան մամուլ» (1871-1909 թթ․) հանդեսների մատենագիտություններն իրենց ծավալուն ծանոթագրություններով։

Ա. Խառատյանն իր ուսումնասիրություններով, նաև մարդկային նկարագրով հարգանք է ներշնչել ուսանողական բազմաթիվ սերունդների՝ նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելով հայոց պատմության հիմնահարցերի նկատմամբ։

Հարգելի՛ Ալբերտ Խառատյան, մաղթում ենք Ձեր հույժ գնահատելի աշխատանքին շարունակականություն, Ձեզ` քաջառողջություն և արևշատություն»,-նշված է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆեյսբուքյան էջում: