Երեկ Անկախության տոնն էր, այն չտոնեցի, ոչ էլ շնորհավորեցի որևէ մեկին
Իսկ գիտեք ինչո՞ւ…
Երեկ Անկախության տոնն էր, այն չտոնեցի, ոչ էլ շնորհավորեցի որևէ մեկին: Կզարմանա՞ք… Իզո՛ւր: Չտոնեցի ու չշնորհավորեցի, իհարկե, ոչ թե յուրաքանչյուր ժողովրդի համար անկախության կենսական անհրաժեշտությունը և անկախության գաղափարի սրբազան լինելը չգիտակցելու, այլ այն պարզ պատճառով, որ Հայաստանն անկախ չէ, անկախ չի եղել նույնիսկ մինչև «թավշյա» չարիքը, իսկ այսօր առավել ևս անկախ չէ: Իսկ չեղած բանը տոնելը և շնորհավորելը հայրենասեր երևալու համար՝ իմը չէ: Ինչպե՞ս կարող ես տոնել ու շնորհավորել մի բան, որը գոյություն չունի:
Հայաստանը հիմա առավել կախյալ է, քան 50 կամ նույնիսկ ավելի քան 100 տարի առաջ: Այն ժամանակ Հայաստանը կախյալ էր միայն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից (ՌԽՖՍՀ) և ԽՍՀՄ-ից, իսկ այսօր կախյալ է և Եվրախորհրդից (համապատասխանաբար՝ Ստրասբուրգից ու Բրյուսելից), և ԵԱՏՄ-ից, իսկ փաստացի նաև՝ Հայաստանի ծպտյալ թշնամիներ ԱՄՆ-ից և Եվրամիությունից, ինչն ավելի ահավոր է, Ադրբեջանից ու Թուրքիայից, ինչպես նաև բարեկամ պետություններից՝ Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից (վերջին երեքից միայն տնտեսական առումով): Այսպիսի անկախություն չի լինում:
Եվ երկրորդ. ցանկացած պետության անկախությունը կոչված է ծառայելու նրա ոչ միայն քաղաքական ինքնուրույնությանը, այլև պաշտպանությանը, անվտանգությանը և բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցությանը (հասարակության ընդհանուր կենսամակարդակին, նյութական ապահովվածության և սոցիալական պաշտպանության ընդհանուր մակարդակին):
Անվիճելի է, որ Հայաստանը պաշտպանված էր, պետության ու նրա բնակչության անվտանգությունն ապահովված էին ԽՍՀՄ-ի օրոք, մինչև Հայաստանի անկախացումը, ի տարբերություն ներկայի, երբ պետության վրա մշտապես կախված է ադրբեջանա-թուրքական տանդեմից բխող գոյաբանական սպառնալիքը: Մեր հասարակության սոցիալ-տնտեսական բարեկեցությունն անհամեմատ ապահովված էր ԽՍՀՄ-ի օրոք, մինչև անկախացումը՝ ի տարբերություն աղքատությամբ ու ծայրահեղ աղքատությամբ, գործազրկության մեծ մակարդակով, հասարակության սոցիալական ծայրահեղ բևեռացմամբ, մասնավոր գործատուներից շատերի կողմից աշխատավորների շահագործմամբ բնորոշվող ներկայի: Ա՛յն ներկայի, որում հայ կինն ու տղամարդն աղբարկղներն են քջջում օրվա ապրուստը վաստակելու համար, խանութից նույնիսկ հացը գնում պարտքացուցակով: Հետևաբար Հայաստանի «անկախությունը» չի ծառայել նրա պաշտպանությանը, անվտանգությանը և բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցությանը, հետևաբար մեզ խաբել են ու մենք խաբված ենք:
Ավելին ասեմ. ես մերժում եմ այն «անկախությունը» և թքել եմ այն «անկախության» վրա, որի հետևանքը Հայաստանի արտաքին թշնամիների խամաճիկ ներկայիս իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով ազգիս բազմահազար զոհերն եղան, տարածքային կորուստները, բնակավայրերի մեծ ավերածությունները Հայաստանի սահմանամերձ շրջաններում և, հատկապես, Արցախում, տնտեսության մեծ անկումը և ահավոր արտագաղթը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանից, իշխանության հակասահմանադրական, անօրեն հարձակումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և արհամարհական, թշնամական քաղաքականությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, ամուսնությունների և մանկածնության կրճատումը (ծնելիության անկումը), ամուսնալուծությունների և ինքնասպանությունների աճը, հասարակության հիվանդացության մակարդակի աճը (տեսեք բուժհաստատություններում հերթերը և բնակավայրերում դեղատների քանակը), ինչպես նաև երկրում հանցավորության մակարդակի աճը, հանցավոր ոտնձգությունները կրթական ծրագրերի նկատմամբ և «Հայոց պատմության» դասագրքերում պատմական փաստերի աղավաղումները (և ոչ միայն…):
Բնականաբար, չեմ կարող դեմ լինել Հայաստանի իրական անկախությանը, որն իրականություն կդառնա ոչ միայն Նիկոլ հայադավին և իր ՔՊ-ական ոհմակին (չարախմբին) իշխանությունից հեռացնելու, երկիրը նրանցից ազատագրելու, այլև ազգային պետություն ունենալու դեպքում:
Եվ, ուրեմն, կեցցե Հայաստանի իրական անկախությունը:
Արթուր Հովհաննիսյան

