Հայրենիք ունենալով՝ հայրենասիրութիւն չունենալն է անէծքը․ Ստեփան Ալաջաջյան
ԱԶԳԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԵԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
(Ստեփան Ալաջաջյան. հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ծնվել է Հալեպում, Սիրիա)։
Ձեզ համար գրեցի այս բոլորը և Ձեր անունից, որպեսզի փոխանցուի սերունդներին, որ պիտի գան, պիտի ապրեն իբրեւ հայ, ազգային գիտակցութեամբ, ազգային արժանապատութեամբ, իբրև գրասէր մարդ և քաղաքացի: Ազգասիրութիւնը այն բարձրագոյն զգացմունքն է, որ պատմական արմատներ ունի, սնունդ է առնում արեան բջիջներից և իր աւիշով ազգակիցներին մղում է ազգային շահերի պաշտպանութեանը: Մեր ազգասիրութիւնն է, որ արդարացնում է մեր ժողովրդի ազատագրական պայքարը, պահպանում մեր ազգային դիմագծի անաղարտութիւնը, դարերի ընթացքում ընդունած աւանդոյթները: Մեր ազգասիրութիւնը չի քաջալերում որևէ յաւակնութիւն ուրիշ ազգերի նկատմամբ և չի հանդուրժում իր կամ ուրիշի գերազանցութեան զգացումը, և դրանով իսկ յաղթահարում ազգային սնապարծութիւնը: Ազգասիրութիւնը մեր արժէքների ճշմարիտ ու արդար գնահատումն է ընդդէմ այդ արժէքների ուրացման և ստորացման, մեր պայքարն է յանուն ազգային հպարտութեան:
Ազգասէր է նա, ով իր մէջ կրում է իր ժողովրդի իղձերն ու երազանքը. հետևապէս, ազգասիրութիւնը ժողովրդական զգացմունք է, և ով երես կը թեքի ժողովրդի համազգային այդ զգացմունքից, պատմութեան մէջ կը մտնի որպէս վարկաբեկուած զաւակ ու կը մոռացուի, որովհետև պատմութիւնը, նաև, և յատկապէս, իր հեղինակաւոր, իր լաւագոյն զաւակների գրի առնուած յիշատակութիւնն է, նրանց հերոսական արարքների էջագրութիւնը:
Արեան կանչ է ազգասիրութիւնը և արեան ցեղակցութեան հիմնաբջիջը, որ դառնում է յաւերժականութեան համար հզօրագոյն ուժը, դառնում է ազգային պատկանելիութիւն ունեցող ժողովրդի շարունակելիութեան հիմքը:
Ազգն իր հաւատքով թրծող սէրն է նա. իր ցեղի յարատեման խթանը, ազգի ոգին անուցող հիւլէն: Այդ ոգին է այն աննկուն կերտուածքը, որով թերահաւատութիւն չենք ցուցաբերել գոյատևելու պայքարում մեր յաղթանակի նկատմամբ, քանզի դա մի ողջ ազգի պայքար է: Այդ ոգին է, որ չի թողել մեզ թերահաւատութիւն ցուցաբերել սեփական ուժի նկատմամբ, քանզի դա կը լինէր մեր բարոյական պարտութիւնը, իսկ մեր բարոյական հիմքերը մեր սերունդների մաքրութեան հովանիներն են:
Ազգի ոգին մեզ առաջնորդող ջահն է խաւարի խժդժութիւնների միջով: Մեր խիզախութեան ներշնչանքն է նա: Առանց խիզախների ազգային շարժում ստեղծուել չի կարող, և խիզախութիւնը չի ընդունում ոչ խուճապ, ոչ նահանջ:
Ազգի ոգին է մեր ազատութեան շեփորահարը: Այդ ոգին մարդկային է և մարդկութեան անբաժանելի մասնիկը, որով ազգի որևէ զաւակ դառնում է մարդկութեան արժանի էակ:
Ժողովրդին սթափեցնող ձայնն է այն և հայրենիքի ներկայութիւնն է մարդու մէջ ու մարդու հոգեկան ներկայութիւնը հայրենիքում:
Երկուորեակներ են մեր ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, զի նոյն ոգու ծնունդն են ու ապրում են իրարմով, բայց հայրենասիրութիւնն աւելին է, քան միւս զգացմունքները, որովհետև իր հիմքում կրում է բարոյական և հասարակական պարտաւորութիւններ ոչ միայն ազգի, այլև այն հողի հանդէպ, որ կոչւում է հայրենիք: Նրա մէջ մտնում է հայրենի հող ու երկինք ունենալու գիտակցութիւնը, մի հասկացութիւն, որ բովանդակութեամբ ու տարողութեամբ, ընդգրկումով ու խորութեամբ շատ աւելի հզօր է. նրա մէջ են պարփակւում այն վայրը, որ պապ ու պապի ծննդավայրն է, այն լեռն ու ձորը, լիճն ու ջուրը, ծառն ու թուփը, որ հայրենին է:
Հայրենիքն է մեր ազգային գոյութեան սկիզբը:
Հայրենասիրութիւնը՝ ինքնաճանաչման ուժն է: Մենք մեզ ճանաչում ենք այն լեզուով, որ խօսելու են մեր հողի մարդիկ և մեր երկիրն է մեր ինքնաճանաչման վկան, Արարատն ու Արագածը, Սևանն ու Վանայ ծովը, սօսիի անտառներն ու հայոց լեռնաշղթաները: Հայրենիքն այն է, ինչ պատմութիւն ու անցեալ է կերտում իր հողի վրայ ապրող, իր հողում ծնուած ժողովրդի համար: Վա՜յ այն ազգին, որ անցեալ չունի. չունի պատմութիւն:
Մեր անցեալը վանք է և գիր, մշակոյթ է և արուեստ, երգ է և պետականութիւն, զօրք ու հաւատ, և վերջապէս ազատութեան համար մղուած սրբազան պատերազմ: Հայրենասէր է նա, ով չի կարող անտեսել հայրենիքի շահը, ով օգնում է իր հայրենիքի բարգաւաճմանը ու ծառայում նրա հզօրութեանը, քարը քարի վրայ է դնում, հողն է հերկում, հունտ է ցանում, սածիլ տնկում, երգ է հիւսում, վէրք է բուժում: Հայրենասիրութիւնը աշխատանք է և գործ, որտեղ էլ որ դա արուի, յանուն հայրենիքի բարօրութեան: Մեր հայրենասիրութիւնն է մեր պետականութեան հիմնաքարը: Այն ազատութեան ու անկախութեան պահանջ է, մեր հողի ամբողջատիրութեան երաշխիքը: Այն վեհագոյն պատուանդանն է ընդդէմ օտար ճնշումների, մի սուրբ ձեռք է ներխուժողի դէմ ու ռազմի տանող սրբազան զէնք. ապա ձիթենեաց ճիւղն է, որ խաղաղութիւն է աղերսում յանուն պայծառ արեգակի:
Հայրենիքից հեռու ապրել չի նշանակում հայրենիք չունենալ: Հայրենիք ունենալով՝ հայրենասիրութիւն չունենալն է անէծքը: Վեհ է նա, ով հայրենիքից հեռու՝ ապրում է հայրենասիրութեամբ: Հայրենասիրութեամբ չապրելն է ամօթ:
Ո՞րն է այն ուժը, որ կարող է ամբողջ ազգը հաւաքել իրար, բերել իր շուրջը, եթէ ոչ ճշմարիտ հայրենասիրութիւնը, հայրենիք կերտող, հայրենիք պահող հայրենասիրութիւնը: Դա է, որ սերունդների օրհնութիւնն ունի մեզ վրայ, դա է, որ տանելու է մեր օրհնութիւնը յաջորդ սերունդներին:
ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ

