Սեպտեմբերի 14-ին մեր բոլոր մարզերում տեղի կունենան կրթամշակութային էքսպոներ․ Ժաննա Անդրեասյան
Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սեպտեմբերի 14-ին մեր բոլոր մարզերում տեղի կունենան կրթամշակութային էքսպոներ, որտեղ տվյալ մարզի մշակութային հաստատություններն իրենց տաղավարներով ներկայանալու են և ներկայացնելու են իրենց խաղացանկերը, թանգարանները՝ իրենց մոտ հասանելի ցուցադրությունները։
Եվ սա առաջին հերթին լինելու է հնարավորություն ուսուցիչների և ծնողների համար՝ ծանոթանալու առկա մշակութային հնարավորություններին և նաև պլանավորելու ուսումնական գործընթացը ՝ հաշվի առնելով մշակութային հաստատություններ այցելությունները»,- նշել է նա։
Նախարարն ընդգծեց, որ մշակութային հաստատություն այցը կարևորվում է ոչ միայն որպես ժամանց, այլ նաև որպես կրթական գործընթացի մի մաս։ Նրա խոսքով՝ ուսուցիչների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորություն է ստեղծվել։

