Սա վերաբերմունք է․ լավ նայեք այն միջավայրը, որտեղ տեղադրված է Դուրյանին նվիրված քանդակը
Անվանի ջութակահար Նարինե Դելլալյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մի քանի օր առաջ Դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն էր։ Ինչպես սովորաբար ընդունված է մեզանում, նման օրերին (լավագույն դեպքում) մի երկու բան է գրվում օրը հիշարժան դարձրած արվեստագետի մասին (շնորհակալություն անդրադարձողներին) և անցնում ենք առաջ։
Ծննդյան օրը այս թեմայով չցանկացա ոչինչ գրել երևույթի մասին հիշատակելով Մաեստրոյի անունը, բայց հիմա պարտավոր եմ համարում անել դա։
Վերջերս, երբ անցնում էի Օպերայի բակով՝ աչքիս զարնեց այս տեսարանը։
Լավ նայեք այն միջավայրը, որտեղ տեղադրված է Դուրյանին նվիրված քանդակը։ Մի կողմ թողնելուվ քանդակի գեղագիտական կամ արտահայտչական որակները, որովհետև դրա մասին չէ գրելիքս և նաև որովհետև չեմ կարծում, որ ավելի հաջող քանդակ լինելու դեպքում շրջապատի էսթետիկական կողմը տարբեր կլիներ … այնուամենայնիվ այն կա և տեղադրված է այսպիսի աղտոտ մի անկյունում, աղբամանների հարևանությամբ, հետևում կիսաքանդ սրճարանի պլաստիկ վարագույրների ֆոնին…
Սա վերաբերմունք է, վերաբերմունք Արտիստի նկատմամբ, Արվեստագետի նկատմամբ, Մտավոր Մարդու նկատմամբ, Գաղափար ու բազմաթիվ արժեքներ կրող մարդու նկատմամբ ընդհանրապես։
Իսկ աղբամանի հետևում մեր ազգային մարգարիտների անուններով ազդագրերից պատրաստած, ինչ որ բան փակող «պատ» … «Անուշ, Դիմակահանդես»…
Չեմ չափազանցնում, սարսափելի է սա… ու բոլորովին հետաքրքիր չէ, թե այս տեսարանի համար ո՞վ է պատասխանատուն, քաղաքապետարանը, թաղապետարանը, քաղաքի մաքրությամբ զբաղվող որևէ հիմնարկություն կամ ինչ որ մեկը… Բոլորովին հետաքրքիր չէ։ Փաստ է, որ այն կա ու դա մեր քաղաքում է։
Սովորաբար որևէ հասարակության քաղաքակրթության աստիճանը իր ստեղծածով ու ստեղծագործող մարդով է պայմանավորված լինում։ Մտածելու բան է։
Ու մենք հույս ունենանք, որ նման միջավայրում մեր մեծերի արժեքը գնահատող գիտակցությո՞ւն կձևավորվի։ Նման բան անհնար է երազել անգամ։
Կյանքից կհեռանան ամենակարևոր անուններ, ազգային ու համամարդկային արժեք ստեղծողներ, որոնք մեր կողքին էին ապրում։ Իրենք կթողնեն բացառիկ հոգևոր ժառանգություն, որի մասին սական շատ քչերը տեղյակ կլինեն, կրողը կդառնան, բայց ցավոք, չգիտակցվածի չափերը կմնան ամբողջ մի ազգի կորուստը։
Իսկ հասարակությունը… կշարունակի հայրենասիրության մասին իր ճռճռան դատարկաբանությունը…։

