Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ.)։

Մասնավորապես՝

– պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,

– առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

– արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– արտադրական շինության նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել  կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։