Երևանի բոլոր «անհիմն պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավական հիմնավորված ձևով»․ Բայրամովը կրկին պահանջներ է հնչեցրել

Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցությունների տարբեր հարթակներից։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հանդիպումների ձևաչափին, բանակցային գործընթացին մենք միշտ պատրաստ ենք, և մենք երբեք չենք հրաժարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա ուղիղ ձևաչափից։ Մենք երբեք չեն հրաժարվել տարբեր հարթակներից։ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունելի է եղել մեզ համար, և, բնականաբար, մենք այսուհետ էլ պատրաստ ենք օգտվել այդ հարթակից»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

«2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու համար պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,-ասել է Բայրամովը։

Նա Երևանի նկատմամբ կրկին պահանջներ է հնչեցրել։

Բայրամովի խոսքով, «Ադրբեջանն նպատակաուղղված է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն Երևանի բոլոր «անհիմն պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավական հիմնավորված ձևով»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։