Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագիրը կնքվել է ՌԴ նախագահի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի շրջանակներում։ Հաղորդում է «Վեդոմոստին»։
Պուտինի խոսքով, փաստաթուղթը երկարաժամկետ հեռանկարում կստեղծի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների հիմքը։
Փհենյանում երկու երկրների ղեկավարների դեմառդեմ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր մեկ ժամ։
Դրան նախորդել էր Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
Իսկ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ը Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի հիմնական օրն է։ Այցի ժամանակ ՌԴ ղեկավարը հայտնել է, որ տպավորված է վերջին 24 տարիների ընթացքում ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի վերափոխմամբ։ Վերջին անգամ Պուտինը Փհենյան էր այցելել 2000 թվականին։
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Իր հերթին Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր է հետագայում էլ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը։ Նա վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի վարած ողջ քաղաքականությանը։ Կիմ Չեն Ընը Պուտինի այցն անվանել է պատմական պահ, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ռուս-կորեական հարաբերությունների համար։
Հյուսիսային Կորեայում Վլադիմիր Պուտինին ողջունել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։
Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։

