ՆԳՆ-ը ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի հետ միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները ՆԳՆ-ն ուսումնասիրում է։ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում վիճաբանություն է եղել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով նրան «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը ձերբակալվել է։
Այսօր Սամվել Վարդանյանի պաշտպաններն ահազանգել են, որ ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին դիմակավորված անձինք նրան դաժան ծեծի են ենթարկել, երբ ուղեկցող ոստիկանները դուրս են եկել «կարիքները հոգալու»։

