Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով.15
Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Սկիզբը՝ այստեղ
Այս պատերազմը դեռ կշարունակվի…
Եվ թեև ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա բանակցությունների ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ Օսլոյում իր ունեցած քննարկումներից հետո առկա է անհրաժեշտ նախադրյալ հրադադարի հաստատման համար, ՌԴ նախագահին է փոխանցել հակամարտության կարգավորման մոտեցումներ պարունակող փաստաթղթեր ու հույս հայտնել եռակողմ (ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունների վերսկսման վերաբերյալ՝ տեխնիկական հարցերը քննարկելու համար, սակայն իրականում ոչ հրադադարի պետք է սպասել, ոչ էլ զինադադարի:
Ասում են՝ արջը 7 երգ գիտի, յոթն էլ տանձի մասին են: Հիմա Արևմուտքինն է՝ երբ խոսք է գնում հակամարտությունն ավարտելու մասին, միշտ նույն երգն են երգում՝ հրադադար, հրադադար, ու դարձյալ հրադադար… Սա է նրանց ուզածը, առաջարկածը, խնդրածը, պահանջածը, որպեսզի Ուկրաինան այդ ընթացքում զորքի անհրաժեշտ վերադասավորումներ կատարի, համալրի սպառազինության պաշարները, ինչպես նաև մոբիլիզացիայի շնորհիվ բանակը նոր զինծառայողներով համալրի, ուշքի գա ու նոր թափով սկսի հարվածները Ռուսաստանին:
Մոսկվան այս ամենը շատ լավ հասկանում է, հայտարարել է այս մասին և, բնականաբար, մերժել ու մերժում է նշված առաջարկը, պահանջում հիմնախնդրի արմատական լուծում ու խաղաղության պայմանագրի կնքում՝ հաշվի առնելով Հատուկ ռազմական գործողության հայտնի նպատակները և այն իրականությունը, որն առկա է գետնի վրա: Մոսկվան ավելի վաղ պնդել է Ռուսաստանի համար երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքների մասին:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ էական նախադրյալի առկայության մասին:
Պուտինը խնդրելով իր շնորհակալությունը փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ հակամարտության կարգավորման խնդրի նկատմամբ ուշադրության համար, ասել է, որ իր ամերիկացի գործընկերը վերջին զրույցի ընթացքում շեշտը դրել է հակամարտությունն ավարտելու, այսինքն՝ ոչ թե ընդմիջելու, ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտության վրա:
Նախօրեին Ուիթկոֆն Օսլոյում բանակցություններ է վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգությունը, հակամարտությունից հետո նրա վերականգնումը, տարածքային հարցերը, պատժամիջոցները և անվտանգության, այսպես կոչված, եվրոպական ճարտարապետությունը:
Ստուբի խոսքով՝ մասնակիցները բացահայտել են անվտանգության ու տնտեսության ոլորտում ապագա պայմանավորվածությունների հիմնական տարրերը, որոնք Ուիթկոֆը հոկտեմբերի 21-ին ներկայացնելու է ռուսական կողմին: Քննարկվել են նաև հակաօդային պաշտպանությունը, էներգետիկ օբյեկտները և մասնակի հրադադարը, այդ թվում ՝ էներգետիկ և պարենային անվտանգության ոլորտներում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով ՝ Թրամփը պատրաստ է խաղաղությանը նպաստող գործողությունների, սակայն ձեռք բերված առաջընթացը դեռևս չի արդարացրել սպասելիքները: Ռուբիոն միաժամանակ խոստովանել է, որ սահմանափակ կամ ժամանակավոր հրադադարն ինքնին չի ավարտի հակամարտությունը: Էներգետիկ օբյեկտներին հարվածներից հրաժարվելու մասին պայմանավորվածությունը, նրա գնահատմամբ, կարող էր թուլացնել գլոբալ լարվածությունը։ Պետքարտուղարն այս ամիս նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջնորդական ջանքերը, բայց առանց առաջընթացի, ռեսուրսներ չի ներդնի «անիմաստ գործընթացներում»:
Մոսկվան պնդում է հակամարտության համապարփակ կարգավորման մասին։ Հոկտեմբերի 1-ին Պուտինը հայտարարել էր, որ համաձայնագիրը պետք է հաշվի առնի Ռուսաստանի անվտանգության երաշխիքները, իսկ հարցը չի սահմանափակվում սոսկ տարածքներով, տարածքային խնդրով:
«Մենք պետք է պայմաններ ստեղծենք ոչ թե հրադադարի, այլ երկարատև խաղաղության համար, երկարատև պատմական հեռանկարի համար»,- ասել է Պուտինը:
Հակամարտության ավարտի և դրա շուրջ առաջնորդների բանակցությունների մեկնարկի պայմանները Պուտինը ներկայացրել է դեռ 2024թ. հունիսին։ Նա պահանջել է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից իրենց վարչական սահմաններում, Կիևի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, միջուկային զենք ունենալուց, ինչպես նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակը: Նախագահը խոստացել է հրադադարի մասին հրաման տալ այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը կհայտարարի, որ պատրաստ է կատարել այդ պայմանները և սկսի զորքերի իրական հետքաշումը:
Հոկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հատվածական պայմանավորվածությունները չեն մոտեցնի խաղաղությունը: Նրա խոսքով՝ համաձայնագրերը կարող են լինել միայն համալիր։
«Մեզ հրադադար պետք չէ, մեզ խաղաղություն է պետք»,- ընդգծել է Պեսկովը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին մերժել է հրադադարը, որը թույլ կտար Կիևին նոր սպառազինություն ստանալ:
«Ոչ մի հրադադար, որպեսզի նրան նորից սթափեցնեն և զենքով լցնեն, չի լինի»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության հնարավոր փոփոխության մասին հայտարարությունները:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ բացահայտել է Ուիթկոֆ- Պուտին բանակցությունների որոշ մանրամասներ և թվարկել առանցքային թեմաները, որոնք քննարկել են կողմերը: Պուտինն Ուիթկոֆին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափին: Ուիթկոֆը, Ուշակովի խոսքով, արձագանքել է Պուտինի այդ հայտարարությանը՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայի որոշումը մեծ գոհունակությամբ կընդունվի Դոնալդ Թրամփի կողմից:
Իսկ Ռուսաստանը ե՞րբ է դեմ եղել բանակցություններին… Բազմաթիվ բանակցություններ են եղել նախկինում, բայց Կիևի կամ Զելենսկու և իր արևմտյան տերերի դիրքորոշման հետևանքով՝ անարդյունք: Ուիթկոֆի և Պուտինի այսօրվա զրույցը ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների վերջին հեռախոսազրույցի շարունակությունն է եղել։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու ուղիների շուրջ։ Ուիթկոֆը ուշադրություն է հրավիրել կարգավորման վերաբերյալ եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումների վրա, սակայն հենց ինքն էլ, ինչպես տեղեկանում ենք «Новости Mail»-ի հրապարակումից, «նկատել է, որ դրանցում օգտակար բաները քիչ են»։
Հակամարտության ավարտի առնչությամբ շատ կարևոր է նաև Ուշակովի այսօրվա մեկ այլ հայտարարություն՝ Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը չի լուծի Ուկրաինայի ճգնաժամը:
Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Չինաստանի Շենժեն քաղաքում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի (նախատեսված է նոյեմբերի 17-19-ին) շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մեկ հանդիպումը չի բավականացնի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

