Դասալիքները բանակը գլխատելով՝ գլխատում են պետությունը

Ըստ Ամերիկյան Global Firepower կազմակերպութան հրապարակման (https://livenews.am/press/2024/265893/11/12/22/?fbclid=IwAR3iYXkb8EJAPldVmhXeoFpGU_kpy6qzSh-kssCk_nMkt5RZMVu93SJgtBA ) 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշային սանդղակում Հայաստանը զբաղեցնում է 102-րդ տեղը, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։

Առաջին հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։

Անդրադառնալով ամերիկյան զեկույցին՝ LIVEnews.am կայքի «Մտորենք միասին» հաղորդաշարի շրջանակներում, պատմաբան, հասարակագետ, գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության վիճակն այսօր սարսափելի է, և մենք այսօր գտնվում ենք ամենացածր բարոյահոգեբանական, կարգապահական մարտունակության վիճակում, քան երբևիցե։ Այդ ամենի հստակ ապացույցն ու արտացոլումն է հենց վերոհիշյալ զեկույցը, որտեղ պարզ երևում է, թե ՀՀ-ն որքան է զիջել իր դիրքերը՝ 45-ից հասնելով 102-րդի։

«Այդ 145 բանակների վերլուծությունը կատարվում է 60 գործոններով և բաղադրիչներով, թե ինչպիսին է այդ բանակի մարտունակությունը։ Այդ 60 գործոններով և բաղադրիչներով ՀՀ-ն 145 բանակների մեջ 102-րդն է և համարվում է ոչ մարտունակ, իր խնդիրները չկատարող և ժողովրդի անվտանգությունը չպահպանող, չպաշտպանող բանակ։ Օրինակի համար ասեմ, որ 2016-ին այդ նույն կազմակերպությունը իր վերլուծության մեջ ՀՀ բանակի մարտունակությունը 45-րդն էր գնահատել։ Ադրբեջանի բանակն այս վերլուծությամբ 59-րդն է, վրացական բանակը 84-րդն է, այն դեպքում, երբ նախկինում մենք 40 միավորով, 40 աստիճան բարձր էինք մեր մարտունակությամբ, մարտական խնդիրների կատարմամբ, քան Ադրբեջանի բանակը։ Այսօր հակառակ պատկերն ենք մենք տեսնում։ Ընդ որում ասեմ ձեզ, որ տարեվերջին կենտրոնական հետախուզական վարչությունը Պենտագոնի համար կատարել էր վերլուծություն։ Էլի աշխարհի 145 բանակների վերլուծության մեջ ՀՀ բանակը համարվել է 97-րդը։ Տեսնում եք՝ մեկ ամսվա, 2 ամսվա կտրվածքով ՀՀ բանակի մարտունակությունն ու մարտական խնդիրների կատարման կարողությունն իջել է 5 աստիճանով։ Ահա՛ այս կառավարությունն ինչ է անում ՀՀ բանակի հետ։ Տեսեք՝ իրենք ընդունել են 45-րդ մարտունակության բանակը և այսօր 102-րդ մարտունակության բանակն է, այսինքն՝ 57 աստիճանով մեր բանակը կորցրել է մարտունակությունը և պաշտպանական խնդիրների կատարման կարողությունը։ Ահա՛ ամբողջ այս իշխանության գնահատականը բանակի հարցում»։

Խոսելով 2024 թ․ ոչ մարտական գործողությունների հետևանքով զինվորների շրջանում արդեն իսկ զոհերի մասին՝ Վոլոդյա Հովհաննիսյանը հավելել է․

«Մեր բանակում անգամ մարտական հերթապահությունն իրականացնող խմբերում և զորամասերում չկա կարգապահական այն մակարդակը, որ պաշտպանվի և պահպանվի զինվորի կյանքը։ Ասեմ Ձեզ, որ այս տարի արդեն 6-րդ մահն է մեր բանակում՝ միայն 2024 թ․։ Որպեսզի սարսափելի պատկերն ավելի ակնառու վերլուծենք, ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին մինչև 1995 թ․ ՀՀ բանակում եղել է 7500 զոհ, երբ մենք 4 տարի մարտական ակտիվ գործողություններ ենք կատարել Ադրբեջանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում ՀՀ բանակն ունեցել է 92 զոհ։ Սերժ Սարգսյանի օրոք Հայկական բանակն ունեցել է 253 զոհ, դրա մեջ նաև 80-ից ավելի զոհեր, որոնք եղել են 2016-ի ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այս իշխանությունների օրոք մեր զոհերի թիվը տասնյակ հազարներով է, և 1054 մասունք դեռ չճանաչված է։ Սա է իրավիճակը մեր բանակում։ Այդ կայուն սպանդը, որ Նիկոլ Փաշինյանը և այս իշխանությունը իրականացրել է մեր բանակում, հանգեցրել է նրան, որ 2023 թ․ մենք 77 մահ ենք ունեցել բանակում, դա Արցախի գործողութունները մի կողմ թողած, ՀՀ ՊՆ համակարգում մենք ունեցել ենք 77 մահ, հրադադարի ռեժիմի խախտում՝ 19 մահ։ Էն որ ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք, մեր սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքվ 19 զոհ ենք ունեցել, ինքնասպանության 9 դեպք, սպանության 3 դեպք՝ երբ հայ զինծառայողը սպանել է ծառայակցին, առողջական պատճառներով 8 մահ ունենք, ավտովթարից 10-ը դեպք ունենք, դժբախտ պատահարի 2 դեպք, հրդեհից այրված 15 մահ ունենք․․․ փոխգնդապետը, որին ծեծի էին ենթարկել 4 տարի առաջ, մահացավ այս տարի։ Դա հոկտեմբերի 11-ի դրությամբ է պաշտոնական տվյալները, իսկ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մենք ունեցել ենք ևս 8 մահ, այսպիսով 77 մահ ենք ունեցել 1 տարում խաղաղության և խաղաղության խաչմերուկի սին, օտարածին հայտարարություններից հետո․․․ » (մանրամասները տես այստեղ։)

Եվ իսկապես, երբեմնի հզոր և մարտունակ բանակն այսօր վերածվել է խոնարհ, անկարող, տկար և հիվանդ կառույցի, որի գոյությունն անգամ կասկածի տակ է դնում թշնամական պետության բռնապետը, և այդ ամենի պատասխանատուն ոչ թե հասարակ զինվորն է կամ ինչպես ՔՊ կարկառուն ներկայացուցիչներն են ասում՝ զինվորի ընտանիքից եկած արատավոր սովորությունները, այլ ղեկավար կազմը, որն այդպես էլ չկարողացավ կամ էլ չուզեց 2018 թ․ «հեղափոխության» ընթացքում իր գեթ մեկ խոստումն իրականացնել, այլ ընդհակառակը, այն, ինչ խոստացվում էր բարեփոխել, կատարելագործել, արվեց ճիշտ հակառակը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2019-ի հուլիսի 19-ին Արմավիրի մարզի զորամասերից մեկի այցելության ժամանակ նշել էր, թե Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, իսկ հայ հանրությունը՝ տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»:

Այսօր, երբ նույն անձը, տուրք տալով իր կիրթ և կառուցողական գործընկերոջ պահանջներին, կասկածի տակ է դնում ՀՀ զինված ուժերի գոյությունն անգամ, ակնհայտ է դառնում, թե ինչ ի նկատի ուներ ինտելեկտուալ պետություն, բանակ և հասարակություն ասելով։

Ինչպես վկայում են միջազգային զեկույցները և ինչպես կոնկրետ թվերով ներկայացրեց Վոլոդյա Հովհաննիսյանը, մեր պետության բանակը իր տեղը կտրուկ զիջել է աշխարհում, ինչը վկայում է այն մասին, որ պետությունն այլևս կասկածի տակ է դնում իր գոյությունը, մինչդեռ 2018-ին կեղծ ժողովրդավարության, «3 միլիոն վարչապետներ», «Արցախը Հայաստան է և վերջ» թեզերով ու «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով գալով իշխանության, իրականում մերժում էին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ հայկական 2 պետականությունները, որոնցից մեկ 2023-ին վերջնական զիջեցին արհեստածին ադրբեջանին, իսկ 2-րդի մասին նախորդ շաբաթ հայությանը արդեն իսկ «իրազեկեց» Ալիևը։

Այսօր շատերն են հասկանում, թե ինչու 2018-ին Փաշինյանն ու իրեն ուղղորդողները գեներացնում էին այդ բացասական տրամադրությունները ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ, քանզի Սերժ Սարգսյանը առաջնահերթություն համարում էր «հզոր բանակ, հզոր պետություն» բանաձևը, և 2016 թ․ ՀՀ բանակը զբաղեցնում էր 45-րդ հորիզոնականը, երբ այդ նույն բանակը կարողացավ հետ շպրտել ադրբեջանական զորքը։ Այո, Սերժ Սարգսյանը հաղթանակից հետո էլ շարունակում էր ողջ ուշադրությունը սևեռել բանակի և Արցախի հզորացման վրա՝ կարևորելով ռազմական կրթությունը, ինչի վառ ապացույցներից մեկն է նաև 2017 թ․ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին Ս․ Սարգսյանի խոսքը, որում մասնավորապես նշում էր, որ մեր բանակն իր ծննդյան օրվանից եղել և մնում է ժողովրդական բանակ․

«Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարել իր առջև դրված խնդիրները, սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան։ Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր՝ յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»։

Իհարկե, 2018 թ․ «հեղափոխությունն» ու «հեղափոխականները» վիժեցրին ոչ միայն 7-ամյա այս կարևոր ծրագիրը, այլև այն բոլոր նպատակներն ու մարտահրավերները, որ դրել էր իր և պետության առաջ Սերժ Սարգսյանը, այն է՝ կատարելագործվող պետություն․

«Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:

Ժաննա Ծառուկյան