Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում տեղակայված ռազմածովային խմբավորումն ուժեղացնելու համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիակիրը նավարկում է Հնդկական օվկիանոսով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում։

Խմբի կազմի մեջ, ավիակրից բացի, մտնում են «Մեյսոն», «Դոնալդ Քուք» և «Ռոս» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են գործողության 1600 կիլոմետր հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով։

Այս խմբի ժամանմամբ CENTCOM-ն այժմ երեք ավիակիր հարվածային խումբ ունի Մերձավոր Արևելքում։

Արաբական ծովում մարտական ​​հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ինչպես նաև 16 այլ մարտական նավեր, այդ թվում՝ հրթիռային էսկադրային ականակիրներ և մեծ դեսանտային նավեր: Դրանք ներգրավված են իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ամերիկյան ռազմածովային շրջափակումն ապահովելու գործում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը գտնվում է Կարմիր ծովում: Դրա խմբի մեջ մտնում է երեք հրթիռային էսկադրային ականակիր: