Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է ավագանու բառապաշարից. Ամալյա Սարգսյան

«Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է, այդ բառապաշարից ելնելով: Անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ապշած էր, թե ինչպես կարող է կինն իրեն թույլ տալ ավագանու նիստերի ընթացքում նման հայհոյանք կիրառել»,-լրագրողներին հայտնեց Երևանի ավագանու «Հանրային ձայն», խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը:

Նա նաև հայտնեց,  որ «Մայր Հայաստան» խմբակցության հետ պայմանավորվել էին բոյկոտել ավագանու նախորդ օրվա նիստը, բայց վերջիններս եկել են նիստի և փորձել են ցույց տալ, որ առանց «Հանրային ձայն»-ի կարող են ավագանու նիստում հարցեր լուծել:

Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:

Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին: