Ոչ միայն թալան՝ դատարանները բեռնաթափելու անվան տակ, այլև քաղաքացիների իրավունքները վերականգնելու հնարավորության սահմանափակում

Այսօրվա ՀՀ իշխանությունները կառավարման լծակներն իրենց ձեռքն առան՝ հայ ժողովրդին պղծորեն խաբելու, սուտ խոստումներ ու հավաստիացումներ տալու և իրենցից առաջ եղած իշխանություններին սևացնելու, բոլոր մահացու մեղքերը նրանց վրա բարդելու ճանապարհով։ Եվ երբ այսօր հետահայաց ենք ձգում դեպի անցյալ, նոր ենք գիտակցում, որ իրականում նախկին իշխանությունները շատ ավելի էին մտածում մեր իրավունքների իրացման հնարավորություններ ստեղծելու մասին, քան այսօրվա ապաշնորհ, սուտասան և մարդատյաց՝ հայատյաց իշխանությունները։

Մենք մեր հոդվածներում պարբերաբար անդրադառնում ենք այսօրվա խնդրահարույց իրողություններին, որոնք նախկինում չեն եղել, քանի որ օրենքը կարգավորել է դրանք։ Բայց հեղափոխական զանգվածը եկավ՝ ժողովրդին խոստանալով լուծել իրենց բոլոր խնդիրները և ապրել անհոգ ու երջանիկ։ Հպարտ քաղաքացիները խայծը կերան, և միայն հիմա, երբ երկնքից աստղեր իջեցնելու խոստումների փուչիկը պայթեց, նրանք զգացին, որ իրենց երբեմնի խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև խորացել և ավելացել են։ Դրանցից մեկն էլ դատարան դիմելու մատչելիության իրավունքն է եղել․ եկած-չեկած՝ քպ-ական իշխանությունները լծվեցին սոցիալապես ոչ այնքան ապահովված խավին դատարանների միջոցով իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու հնարավորությունից զրկելու գործընթացին։ Թեև իրենց գունավոր հեղափոխությունն ամեն պատեհ ու անպատեհ առիթներով որակում էին իբրև հանուն ժողովրդավարական արժեքների համար մղված պայքար։ Իսկ ժողովրդավարությունը նախատեսում է հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Եվ եթե Սերժ Սարգսյանի կառավարությունն այդ հավասարակշռությունը պահպանված էր մեր նշած ոլորտում՝ դատական համակարգում, այսինքն՝ մարդկանց համար մեծ խնդիր չէր դիմել դատարան իրենց այս կամ այն խնդրով՝ մասնավորապես վարչական դատարաններ, ապա այսօր դատարան դիմելը դարձել է և ֆինանսական բեռ, և ինչ-որ տեղ անիմաստ գործընթաց։ Եվ այդ նախաձեռնության հեղինակները մեր «ժողովրդավարական» իշխանություներն են։ Եթե նախկինում դատարան ներկայացվող դատական հայցերի, դիմումների համար պետական տուրքը սահմանափակվում էր 4 հազար դրամով, ապա քպ-ականները այդ շեմը հասցրին 20 հազար դրամի, այսինքն՝ հայցադիմումի մեջ ներկայացված մեկ պահանջի համար քաղաքացին պետք է վճարի 20 հազար դրամ։ Եթե հայցադիմումը երկու և ավելի պահանջ է ներառում, ապա այդ թիվն աճում է համապատասխանաբար 20-հազարական դրամով։

Փոփոխությունն այսքանով չի սահմանափակվում։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը։ Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ:

Ֆինանսական այդ բեռը կապում է շատերի ձեռքերը՝ դատարանի միջոցով խախտված արդարությունը վերականգնելու համար։ Իսկ դա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի կոպիտ ոտնահարում է։ Հոդվածը, որը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին, 1-ին կետով նախատեսում է, որ «յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

Պետական տուրքի դրույքաչափը զգալիորեն բարձրացնելուն զուգընթաց՝ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել, օրինակ, անապահով խավի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու, որպեսզի գոնե կոնվենցիայի պահանջը պահպանվի։

Բացի դրանից, պետական տուրքի թանկացմամբ շատ հայցադիմումների դատարան ներկայացնելն անիմաստ զբաղմունք է դարձել։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ քաղաքացին որոշում է բողոքարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար իրեն ներկայացված տուգանքը՝ համարելով, որ իր հանդեպ անարդար որոշում է կայացվել, որ իրականում նա տվյալ խախտումը չի կատարել կամ իր արարքը ամենևին խախտում չէ։ Տուգանքի չափը դիցուք 10-15 հազար դրամ է։ Փաստորեն նա պետք է վճարի 20 հազար դրամ՝ այդ 10 կամ 15 հազար դրամի տուգանքը բողոքարկելու համար։ Անիմաստ համարելով հետագա գործողությունները՝ քաղաքացին պարտադրված է վճարել այն տուգանքը, որն իր համոզմամբ որևէ օրենքի խախտում չի նախատեսում։ Այդպիսով խախտվում է նրա պաշտպանված լինելու իրավունքը, քանի որ պետությունը իր որոշումներով արժեզրկել է քաղաքացու պայքարելու, արդարությունը վերականգնելու իրավունքը։

Կառավարությունը պետական տուրքի դրույքաչափի փոփոխությունը պատճառաբանում է դատարանները բեռնաթափելու անհրաժեշտությամբ։ Բայց այդ, փոփոխությունից հետո դատարանները ոչ թե բեռնաթափվեցին, այլ շատ ավելի ծանրաբեռնվեցին՝ երկրում քպ-ականների ստեղծած քաոսային վիճակով պայմանավորված․ վարչական դատարաններն այսօր ողողված են վիրավորանքի, զրպարտության համար ներկայացված դատական գործերով, որոնց դատավարությունը ծանրաբեռնվածության պատճառով երբեմն տարիներ է տևում։ Այնինչ այդ ընթացքում կարևոր գործերը ձգձգվում են, և մարդկանց իրավունքների ոտնահարումների տարատեսակ նախադեպեր են ստեղծվում։ Իսկ զրպարտողներն ու վիրավորողները, որոնց նկատմամբ դատարաններում գործեր են հարուցվում այս իշխանության ներկայացուցիչները կամ նրանց մերձ շրջանակներն են։ Կամ էլ պաշտոնյաներն են դիմում դատարաններ՝ մեծ մասամբ շինծու գործերով, որոնցով դատարանի որոշումները հօգուտ պատասխանող կողմի են լինում։

Այնպես որ՝ կառավարության պատճառաբանությունը, ստացվում է, որ հերթական սուտն է, և պետական տուրքի դրույքաչափը բարձրացնելով՝ իրականում իշխանավորները նպատակ ունեն խախտել քաղաքացիների դատարան դիմելու մատչելիության իրավունքը, որպեսզի մարդկանց սոցիալական հոգսերի տակ ճնշած պահելով՝ անխոչընդոտ կարողանան իրենց ազգադավ ծրագրերն իրականացնել։

Թագուհի Ասլանյան