Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ի հայտարարությունը

«Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն

Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայությունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։

Զարգացման հայեցակարգ՝ քայլ առ քայլ.

1.Համակարգի բացարձակ ապաքաղաքականացում. ԱԱԾ-ն ծառայում է բացառապես պետությանը, այն չի կարող ծառայել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի։

2.ԱԱԾ սպաներն ու ենթասպաները, աշխատակիցները պետք է վայելեն բացառիկ հանրային հեղինակություն։ Հանրությունը պետք է զգա, որ այս ծառայությունն աշխատում է քաղաքացու կյանքի և երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։

3.ԱԱԾ ներուժի էական բարձրացում։

4.Կադրային ճիշտ, նպատակային քաղաքականություն։

5.Բացառել կադրային անօրինականությունները՝ յուրայիններին առաջ տանելու և պրոֆեսիոնալներին անտեսելու գործելաոճը։

6.Ստեղծել պայմաններ, որպեսզի բարձր պրոֆեսիոնալիզմ ու պատրաստվածություն ունեցող կադրերը վերադառնան համակարգ։

7.Վերականգնել ԱԱԾ հետախուզական ծառայությունը։

8.Վերականգնել ԱԱԾ քննչական ծառայությունը։

9.Ընդլայնել ԱԱԾ կրթական կենտրոնի ներուժը և ուղղվածության ոլորտները. սա դարբնոց է, որտեղ կադրերը պետք է ստանան մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։

10.Բացառել անձնական կամ այլ մոտիվացիաներով լավ կադրերին համակարգից դուրս մղելու պրոցեսները։

11.Դեկտեմբերի 20-ը վերականգնել որպես ԱԱԾ աշխատողի տոն։ Դա պատմություն է, հաստատված ավանդույթ, որը համակարգի համար կարևոր է։

12.Սոցիալական ապահովության երաշխիքներ. հաշվի առնելով պետության և հասարակության համար ԱԱԾ աշխատանքի բացառիկ կարևորությունը, պետությունը (մասնավորի հետ համագործակցությամբ) պետք է ունենա բնակարանային ապահովության ծրագիր, որի շրջանակներում ամեն տարի սահմանված քանակով աշխատակիցներ կստանան բնակարաններ։ Նույնը վերաբերում է ընտանիքների ապահովության մյուս բաղադրիչներին՝ երեխաների ուսման վարձ, փոխադրամիջոցի ձեռքբերում մատչելի պայմաններով, առողջապահության և հանգստի փաթեթներ։

13.ԱԱԾ-հասարակություն կապի, հարգանքի, պատկառանքի մթնոլորտի ձևավորում, «ԱԱԾ-ն ծառայում է պետությանը» գերակա սկզբունքի հաստատում»։