Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է Երևանում անցկացվելիք «Երևանյան երկխոսության» համաժողովի մասին:
«Ուրախ ենք հայտարարել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովի մասին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 5-6-ին:
«Անցնելով փոթորիկների միջով» խորագիրը կրող այս տարվա համաժողովը կմիավորի առաջնորդների, քաղաքական գործիչների և փորձագետների՝ քննարկելու արագ փոփոխվող համաշխարհային իրողությունները: Քննարկումների առանցքում կլինի ուժերի հարաբերակցության փոփոխության հետևանքով միջազգային հարաբերությունների վերափոխումը, որի պայմաններում փորձության են ենթարկվում անվտանգության առկա համակարգերը և միաժամանակ երկխոսության ու համագործակցության համար նոր ուղիներ են ստեղծվում:
Տնտեսական անկայունության և աճող մրցակցության համատեքստում մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ամուր կապերի, բարելավված փոխկապակցվածության և առևտրի՝ կայունությանն ու ընդհանուր բարօրությանը նպաստելու հնարավորությունները: Զուգահեռ անդրադարձ կկատարվի հիբրիդային սպառնալիքների աճող մարտահրավերներին. չնայած աճող ճնշումներին՝ ժողովրդավարական համակարգերը զարգացնում են ավելի ուժեղ դիմակայունության ապահովմանը միտված գործընկերությունները: Կլիմայական գլոբալ առաջնահերթությունների համապատասխան՝ քննարկումները կընդգծեն նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կայուն զարգացման լուծումների հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ COP17-ի շրջանակներում առաջ քաշվող օրակարգի շրջանակներում:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան․ «Աշխարհաքաղաքական փոթորիկներով լի այս դարաշրջանում երկխոսությունն ու համագործակցությունն էական նշանակություն ունեն կայուն լուծումներ ձևավորելու գործում: Մինչ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, դրանք նաև հնարավորություն են տալիս ամրապնդելու համատեղ ջանքերը խաղաղության, նորարարության և գործընկերության ուղղությամբ։ Ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ #YerevanDialogue-ի շրջանակում»։
Պանելային քննարկումները կներառեն հետևյալ թեմաները.
Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին,
Գլոբալ փոխկապակցվածություն,
ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում,
Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և արհեստական բանականություն,
Կանաչ փոխակերպում,
Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն։
Այս տարի միջոցառումն անցկացվում է մի շարք առաջատար կազմակերպությունների հետ համագործակցությամբ, դրանք են՝ Observer Research Foundation-ը, Կազիմիր Պուլասկու հիմնադրամը (Warsaw Security Forum), Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնը (CAPS), Բլեդի ռազմավարական ֆորումը (BSF), Concordia ամենամյա գագաթնաժողովը և Դելֆիի տնտեսական ֆորումը:
Ավելին` yerevandialogue.com»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

