«ԱԱԾ-ի անհաջող բեմականացումն է»․ Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձի հայտարարությունները հերքվել են. քննիչը կեղծել է ցուցմունքի արձանագրությունը

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձի հայտարարությունները հերքվել են՝ հենց նրա իսկ կողմից որպես աղբյուր վկայակոչված անձի ցուցմունքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Գեորգի Մելիքյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախպատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։

Բազեյանի կալանավորման որոշման դեմ, ինչպես արդեն հայտնել էինք, վերաքննիչ բողոք ներկայացվել է, սակայն ինչպես պարզվեց, այն դեռևս չի քննվել, ավելին, հայտնի չէ անգամ, թե որ դատավորն է քննելու։

Պաշտպանը մանրամասնեց ներկայացված բողոքի հիմքերը՝ արձանագրելով, որ գործով բացարձակ որևէ ապացույց չկա առ այն, որ Ալբերտ Բազեյանն այդ խմբի անդամների հետ որևէ առնչություն, կապ է ունեցել։ Ընդամենը մեկ անձի ցուցմունք է, որը հայտարարել է, թե ինչ-որ մեկից լսել է, որ այդ ամենը ղեկավարել է Ալբերտ Բազեյանը, այդ ցուցմունքը, սակայն, ևս փաստացի հերքվել է, քանի որ այն անձը, որին որպես «աղբյուր» հղում էր կատարել Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը առերեսման ընթացքում, հերքել է, որ նման բան երբևէ ասել է։ Բացի այդ, պաշտպանը նշում է, որ ապացուցել են, որ Ալբերտ Բազեյանի հետ ընդհանրապես հանդիպումներ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ։

«Նույնիսկ սկզբնաղբյուրն է հերքել, որ նման խոսակցություն է եղել։ ԱԱԾ-ի անհաջող սարքած գործն է, անհաջող բեմականացում է, որովհետև անգամ նրա հարցաքննությունը՝տեսագրության և արձանագրության համադրությամբ կեղծված է։ Դա կարող եմ 100 տոկոսով ասել, որ նրա ցուցմունքները, որ նա տեսագրության մեջ հայտնել է, իսկ քննիչը՝ վերարտադրել արձանագրության մեջ՝ կեղծված է, նա Ալբերտ Բազեյանի դրվագով նման բաներ չի հայտնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ դիտարկումները պետք է որպես հանցագործության մասին հաղորդում գնահատվի։

Պաշտպանության կողմը միջնորդություններ է ներկայացրել՝ պահանջելով առերեսում իրականացնել Բազեյանի դեմ ցուցմունք տված անձի և Բազեյանի միջև, ինչպես նաև՝ նոր ապացույցների ձեռքբերման վերաբերյալ՝ հնարավոր որևէ մեկի հետ կապը հաստատելու վերաբերյալ։

«Մենք վստահեցնում ենք, որ բացարձակ որևէ մեկի հետ կապ չի ունեցել։ Միայն մեկ անձի հետ է կապ եղել, որին պարոն Բազեյանն օգոստոսի 9-ին հեռացրել է իր կազմակերպությունից, դրանից հետո որևէ կապ չի եղել, իսկ մեղադրանքով՝ սեպտեմբեր ամսին իբրև թե հանդիպում է եղել, պայմանավորվածություն, որը ոչ մի ապացույցով չի հաստատվում, ընդամենը, ինչ-որ մեկն ասում է, թե նման բան է լսել։ «Լսելով» մարդ են կալանավորում»,- նշեց նա՝ հավելելով, որ միջնորդությունների վերաբերյալ ևս որոշում չի կայացվել։