Ինչու ձախողվեց Ակնայով ռուսական բեռների տեղափոխումը․ Տիգրան Աբրահամյանի պարզաբանումը (տեսանյութ)
Այս փուլում կարելի է այդ գործընթացը ձախողված համարել․ անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու շուրջ խոսակցություններին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Այս վերջին տարբերակը, որ ռուսական կողմը քննարկման է դրել, եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Այն ենթադրում էր ոչ թե ադրբեջանական Կարմիր մահիկի, ոչ թե ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի խորհրդանշական մուտք և դրանից հետո Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Իհարկե, դա չէր ենթադրում Լաչինով երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչը ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, այլ ենթադրում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտ բեռների տեղափոխությունները, որոնք եղել են մինչև Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման իրականացումը:
Առաջարկը, որ ռուսական կողմը ներկայացրել է Արցախի իշխանություններին, դրանք եղել են բանակցված նաև Ադրբեջանի կողմից և այդ առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը դեռևս անհայտ պայմաններով, փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ: Ներկայացրել է նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի նաև ադրբեջանական մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի տարածք: Սա բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, որը տեղեկացվել է ռուսական կողմին: Այս փուլում կարելի է այդ գործընթացը ձախողված համարել: Թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, այս պահին դժվարանում եմ ասել: Արցախի իշխանությունները որոշակի հարցերի շուրջ պատրաստ են բանակցելու»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև վերջին 10 օրերի սահմանային իրավիճակին՝ նշելով, որ առաջնագծում իրավճակը գնալով լարվում է:
«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել բավականին անցանկալի իրադարձությունների»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

