Երկու փաստաբանի նկատմամբ իրականացվել են ոտնձգություններ. ՓՊ-ի ահազանգը

Փաստաբանների պալատը տարածել է հայտարարություն փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ։ Ըստ այդմ, ՓՊ-ին դիմել են երկու փաստաբաններն ու տեղեկացրել մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում իրենց նկատմամբ կատարված ոտնձգությունների, դրանց առնչությամբ քրեական հետապնդման մարմինների ոչ պատշաճ արձագանքի և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների մասին։

«Համաձայն, Աննա Խաչատրյանի հաղորդման՝ 2026 թ, ապրիլի 13-ին դատական նիստի ընթացքում իր դատավարական հակառակորդ հանդիսացող անձին ուղղված մասնագիտական դիտողության առթիվ վերջինս Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքից դուրս գալուց հետո սկսել է իր հասցեին հնչեցնել վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ, այնուհետև մոտեցել է իրեն, բռնել հագուստից և հարվածել։

Թեև դեպքի առնչությամբ 2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով (փաստաբանի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փաստաբան Աննա Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այդուհանդերձ քննության արդյունքներով վարույթն իրականացնող քննիչը, գնահատելով հավաքված ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ տվյալ դեպքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները և իսկ դատախազը կայացրել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշում՝ ենթադրյալ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով:

Ուսումնասիրելով փաստաբանի ներկայացրած տվյալները և կայացված խնդրո առարկա որոշումը՝ Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում և ընդգծում, որ նման դեպքերում հատկապես կարևոր է ոչ միայն ֆիզիկական ներգործության փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելը, այլև դրա շարժառիթները, փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապը, ինչպես նաև փաստաբանի հասցեին հնչեցված սպառնալիքների բովանդակությունն ու նշանակությունը համակողմանիորեն գնահատելը։

Մտահոգիչ է, որ փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում նրա նկատմամբ բռնության և սպառնալիքների վերաբերյալ հաղորդման առնչությամբ հանրային քրեական հետապնդում նույնիսկ չի նախաձեռնվել:

Բայց որ առավել մտահոգիչ է, մյուս՝ փաստաբան Հրայր Խաչատրյանի ներկայացրած համանման դեպքով արդեն, քրեական հետապնդման մարմինները ոչ միայն քրեական հետապնդում չեն հարուցել փաստաբանի մատնանշած անձի նկատմամբ, այլ հակառակը՝ մեղադրանք են ներկայացրել հենց փաստաբանին և միայն փաստաբանին»,-ասված է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է փաստաբան Հրայր Խաչատրյանի դեպքին, ապա նրա հայտնած տեղեկատվության՝ 2026 թվականի մայիսի 26-ին, ամուսնաընտանեկան վեճի առնչությամբ իրականացվող հաշտարարության շրջանակներում իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու նպատակով գտնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Կապանի ստորաբաժանման վարչական շենքում։

Հաշտարարության գործընթացի ավարտից հետո նրան զանգահարել է հակառակորդ կողմի՝ իր վստահորդի կնոջ եղբայրը և հրավիրել դուրս։ Վարչական շենքից դուրս գալուց հետո, փաստաբանի պնդմամբ, նշված անձը իր հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, սպառնացել է, պահանջել չմիջամտել ամուսինների միջև առկա հարցերին, ինչպես նաև քաշքշել և հարվածներ է հասցրել նրան։

Փաստաբանի հաղորդմամբ՝ նշված անձի գործողություններն ուղղված են եղել ոչ միայն իր անձի, այլև փաստաբանի կարգավիճակի, մասնագիտական գործունեության և կոնկրետ վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու դեմ՝ նպատակ ունենալով սպառնալիքների միջոցով դադարեցնել փաստաբանական գործունեության իրականացումը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանի ներկայացմամբ՝ սկզբնական շրջանում դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով (ֆիզիկական ներգործությունը) իրավական գնահատական, որը չէր արտացոլում փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ կատարված ենթադրյալ արարքների բնույթը։

«Փաստաբանի անկախությունն ու մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունը փաստաբանական ինստիտուտի հիմնարար երաշխիքներից են։ Դրանք ոչ թե առանձին փաստաբանի անձնական արտոնություններ են, այլ հանրային նշանակություն ունեցող երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի որակյալ և անկախ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Փաստաբանը պետք է հնարավորություն ունենա իր մասնագիտական պարտականություններն իրականացնել առանց սպառնալիքների, բռնության, ահաբեկման, անհիմն հետապնդման կամ պետական մարմինների կողմից կամայական միջամտության։ Այս սկզբունքն ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով։

Առանձնակի կարևոր է նաև իրավապահ մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ կատարված ենթադրյալ ոտնձգությունների վերաբերյալ հաղորդումների քննության արդյունավետությունը։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ նման հաղորդումները քննվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ՝ ստուգելով ինչպես փաստաբանի ներկայացրած հանգամանքները, այնպես էլ դրանց հերքմանն ուղղված փաստարկները։

Միաժամանակ Հանձնաժողովը շեշտում է, որ փաստաբանի մասնագիտական կարգավիճակն ամենևին չի նշանակում քրեական պատասխանատվությունից ազատում։

Վերը ներկայացված երկու դեպքերի համադրությունը փաստաբանների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջացնում է լուրջ մտահոգություն և ի հայտ է բերում մի շարք փոխկապակցված խնդիրներ։

Մասնավորապես՝ փաստաբան Աննա Խաչատրյանի դեպքում մտահոգության առարկա է փաստաբանի նկատմամբ մասնագիտական գործունեության կապակցությամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ հաղորդման քննության արդյունավետությունը և հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշման իրավաչափությունը, որը ներկայումս բողոքարկված է դատական կարգով։

Փաստաբան Հրայր Խաչատրյանի դեպքում մտահոգիչ է այն, որ փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ իր նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց հետո նույն իրադարձությունների առնչությամբ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,-ասված է հայտարարության մեջ։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝

  1. Խորը մտահոգություն է հայտնում փաստաբաններ Աննա Խաչատրյանի և Հրայր Խաչատրյանի կողմից ներկայացված դեպքերի, դրանց առնչությամբ իրավապահ մարմինների գործողությունների և փաստաբանների մասնագիտական իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։
  2. Դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեությանը ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ բռնությունը, սպառնալիքները, մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորության սահմանափակումը և մասնագիտական դիրքորոշման համար հետապնդումը։
  3. Կարևորում է փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության կապակցությամբ բռնության, սպառնալիքների և այլ ոտնձգությունների վերաբերյալ հաղորդումների արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության ապահովումը՝ դրանց իրավական գնահատական տալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի համատեքստում։
  4. Կոչ է անում ՀՀ դատախազությանը և քննչական մարմիններին՝ նշված և նմանատիպ դեպքերի վերաբերյալ հաղորդումներով և քրեական վարույթներով ապահովել բարձր վստահություն երաշխավորող օբյեկտիվություն, բազմակողմանություն և լրիվություն՝ բացառելով փաստաբանների նկատմամբ որևէ ընտրողական կամ կանխակալ մոտեցում»։