Սկևռայի Ավետարանի ճակատագիրը բացահայտող ֆիլմն արժանացել է Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին

Հայ-լեհական «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմն արժանացել է Տորոնտոյի «Նուռ» (Pomegranate Film Festival) կինոփառատոնի «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին՝ վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Հայաստանի կինոյի հիմնադրամի իրավանախորդ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի» և լեհական «Կաթնեղբայր» հիմնադրամի համատեղ արտադրության ֆիլմը ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի հնգամյա հետազոտական աշխատանքի արդյունք է։ Ֆիլմը բացահայտում է Սկևռայի Ավետարանի խորհրդավոր ճակատագիրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհետացումից մինչև 20-րդ դարի վերջին հայտնաբերումը։

58 րոպե տևողությամբ վավերագրությունը Կիլիկիայի հայկական ժառանգությունը կապում է ժամանակակից Լեհաստանի հետ՝ պատմելով մի ձեռագրի և այն մարդկանց մասին, որոնց կյանքում այն անջնջելի հետք է թողել։

Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ ֆիլմի ստեղծումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունների ու Միերաշևսկու կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։