ՄԱԿ-ին փոխանցված նամակն արդեն հասել է գրասենյակի ղեկավարությանը. ակցիաների վայրը տեղափոխվում է
Երևանում այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին հայտնել են, որ իրենց նամակը փոխանցվել է ղեկավարությանը։
Ակտիվիստ Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայաստանյան գրասենյակի ղեկավարությանը, սակայն դեռ չեն կարող ասել, թե երբ պատասխան կլինի։
«Խնդրել ենք, որպեսզի փորձեն գոնե մոտավոր ժամկետ նշել, թե երբ կլինի մեր նամակի պատասխանը»,– ասաց Այվազյանը։
Մինչ այս մոտ 20 րոպեով ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը։ Այվազյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։
Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։

