«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին». արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և ժամանակ տվել

«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ:

«10 հոգանոց խմբով մտնելու ենք գրասենյակ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ մինչև 17։30 սպասելու են իրենց պահանջների կատարմանը։

«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։

«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդին, սոված և առանց մանկության փոքրիկին, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդներին»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։

«Չենք լռելու, չենք հեռանալու, մինչև ձեզանից յուրաքանչյուրը չկատարի իր պարտականությունը։ Սա ձեր մանդատն է, դուք եք պարտավորվել որպես միջազգային կառույց ապահովել աշխարհի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, իսկ այսօր դարձել եք այնպիսի կառույց, որ զուրկ է այդ անվտանգությունն ապահովելուց։ Ի՞նչ է նշանակում ձեր աչքի առաջ ձեզանից խլել մարդու, ով Հայաստան էր գալիս առողջական խնդիրները լուծելու համար։ Որտե՞ղ էր ձեր մանդատը, որ ադրբեջանիցներն ապօրինակաբար առևանգում է մի հերոսի, ով ինձ տվել է անկախություն։

Պահանջում ենք՝ ապահովել արցախիցների անվտանգ տեղաշարժը, վերադարձել Արցախի քաղաքացուն։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։