Ադրբեջանցիները պայման են դրել՝ Արցախին մարդասիրական օգնությունը կարող է փոխանցվել միայն Ակնայով

«Ազատագրված տարածքներում» Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, եւ «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»․

«Այստեղ միայն մեկ նպատակ կա՝ քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բեռնափոխադրումների համար»,- ասել է նա։

Բաքվից պնդում են՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները արդեն տևական ժամանակ շարունակում են բանակցությունները։ Մարդասիրական օգնության բեռնատարները կանգնած են Հաքարի կամրջի մոտ: