Գլխավոր դատախազը կին չլիներ, ինքս էլ չլինեի լրագրող, կասեի՝ արա, հո օյի՞ն չեք…

Նկատի ունենալով ոչ թե իր անձը, այլ նիկոլական համակարգը

 

Երբ Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, ավելի որոշակի՝  ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի առնչությամբ հունվարի 26-ին հանդես եկավ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ , իսկ 27-ին տեղեկացրեց , որ արդեն ձերբակալված, կալանավորված անձ կա, «Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը» վերտառությամբ իմ հոդվածաշարի 6-րդ մասում  դեռ այն ժամանակ գրեցի՝ «Շնորհիվ Գլխավոր դատախազության, կյանքը գնալով ավելի հետաքրքիր է դառնում…»:

Հիշեցնենք, թե «Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ» վերտառությամբ իր հունվարի 26-ի պաշտոնական հաղորդագրությամբ Գլխավոր դատախազությունն, ի մասնավորի, ինչ էր հայտնել, տեղեկացրել հասարակությանը.

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ» (ընդգծումը՝ հեղինակինը):

Եվս մեկ մեջբերում Գլխավոր դատախազության մեկ այլ՝ հունվարի 31-ի «Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. Մ.Ս.-ն ձերբակալվել է» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունից.

«Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ» (ընդգծումը՝ հեղինակինը):

Գլխավոր դատախազությունը նույն միտքն է արտահայտել նաև տվյալ քրեական վարույթի վերաբերյալ առայժմ վերջին՝ փետրվարի 1-ի «Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությամբ .

«… կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։

Այս բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով, այլ նաև, պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Այսպիսով, ըստ Գլխավոր դատախազության վերոնշյալ հաղորդագրությունների, տվյալ վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնք հրդեհի հետևանքով զոհվել են, ինչպես նաև սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, արթուն են եղել, նրանցից 14-ը, ինչպես պաշտոնապես ներկայացվել է, ոչ թե մահճակալներում ու քնած են եղել, այսինքն՝ քնած լինելն է խանգարել հրդեհը մարել, այլ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայությունը:

Նմանապես ոչ թե մահճակալներում քնած են եղել ու քնած լինելն է վերոնշյալ զոհված զինծառայողներին խանգարել դուրս գալ կացարանից, այլ պահեստային ելքի բացակայությունը, կացարանի պատուհաններից դուրս գալուն էլ դրանց ամրացված երկաթյա ճաղավանդակներն են խանգարել: Այդ դեպքում պետական որոշ պաշտոնյաներ ի՞նչ լոլոներ կարդացին, թե նրանք մահճակալներում քնած են եղել… Քնած մարդկանց հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայությունն ինչպե՞ս կարող էր խանգարել հրդեհը մարել կամ կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները կոտրել ու դուրս գալ պատուհաններից:

Բայց արի ու տես, որ այս ամենով հանդերձ, այսինքն, ըստ էության, խոստովանելով, հայտնելով կամ հաստատելով, որ զոհված զինծառայողները մահճակալներում քնած չեն եղել, Գլխավոր դատախազությունը հակասելով իր իսկ հայտնածին, դրանից անմիջապես հետո իր հիշյալ հաղորդագրություններում հայտնել է. «Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են» (ընդգծումը՝ հեղինակինը):

Վերջապես կողմնորոշվեք՝ արթո՞ւն էին, թե՞ հանգստի մեջ, քնած… Եթե քնած էին, ապա այդ ի՞նչ գերբնական հատկություններ ունեին, որ կարող էին քնած վիճակում հրդեհը մարել, բայց հնարավորություն չեն ունեցել դա անել հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով, կամ կարող էին պատուհաններից դուրս գալ, բայց չեն կարողացել, քանի որ հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները…

Բացառված չէ, որ հայտնելով զոհված զինծառայողների՝ կացարանում հանգստի մեջ գտնվելու մասին, Գլխավոր դատախազությունը նկատի է ունեցել ոչ թե նրանց քնած լինելը, այլ ինժեներասակրավորային աշխատանքներով զբաղված չլինելը, արթուն վիճակում հանգստի մեջ լինելը: Բայց այս դեպքում առաջ է գալիս մյուս հարցը՝ եթե զոհված զինծառայողներն իրականում մահճակալներում քնած չեն եղել, ապա Գլխավոր դատախազությունը մինչև հիմա ինչո՞ւ չի հերքում պետական որոշ պաշտոնյաների կողմից հայտնված, զոհված զինծառայողների՝ մահճակալներում քնած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, հասարակության մի ստվար հատվածի, մեղմ ասած, կասկածներին ու վրդովմունքին տեղիք տված, պետական մարմինների հեղինակությունը սասանած վերոնշյալ կեղծ տեղեկությունը:

Եվ, ի վերջո, այդ դեպքում զոհված զինծառայողների՝ մահճակալներում քնած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվությունը «Հանրային» կոչված հեռուստաընկերության եթերում հունվարի 22-ին առաջինը հայտնած  Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը, ինչպես նաև նրանից հետո նույնը կրկնած պետական որոշ պաշտոնյաներ մինչև հիմա ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվել…

 

Արթուր Հովհաննիսյան