Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը. 6

Սկիզբը` այստեղ

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի առնչությամբ երեկ հայտնվեց հանրային քրեական հետապնդման մասին, իսկ այսօր Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ արդեն ձերբակալված, կալանավորված անձ կա: Շնորհիվ Գլխավոր դատախազության, կյանքը գնալով ավելի հետաքրքիր է դառնում…

Գլխավոր դատախազության երեկվա պաշտոնական հաղորդագրության  համաձայն, որին մասամբ արդեն անդրադարձել ենք այս հոդվածաշարի նախորդած մասում, «Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»:

Ըստ Գլխավոր դատախազության, «… բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով՝

  • կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը.
  • կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.
  • ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը,
  • առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը.
  • ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը.

իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»:

Շատ բարի, ամեն ինչ հասկանալի է, բայց եթե արդարություն, օրինապաշտություն, ավելի ճիշտ, օրենսդրության նկատմամբ ընդամենը հարգանք կա, եթե իրավապահ համակարգում որոշիչը «նորին մեծության» կոռուպցիան, մասնավորապես, քաղաքական կոռուպցիան չէ, Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչներն անդրադառնալո՞ւ են Հայաստանի «պաշտպանություն նախարարություն» կոչվածի և ԶՈւ Գլխավոր շտաբի՝ Գ.Ա.-ից իրենց պաշտոնով շատ ավելի բարձր անձանց կողմից զինվորական պաշտոնեական անփութության, հանցավոր անգործության դրսևորումներին…

Եվ եթե հիշյալ բաժնի քննիչները, պատասխանատուները չանդրադառնան «պաշտպանություն նախարարություն» կոչվածում և Գլխավոր շտաբում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնողների, վերադաս անձանց կողմից զինվորական պաշտոնեական անփութության, հանցավոր անգործության իրողությանը, ի՞նչ է անելու Գլխավոր դատախազությունը, ինչպե՞ս է վարվելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ… Ձեռնարկելո՞ւ է օրենսդրությունից բխող համապատասխան միջոցառումներ, թե լռելու, չտեսնելու է տալու կոծկման փաստը… Հանկարծ չասե՛ք, թե այս հարցերը հասարակությանը չեն հետաքրքրում:

Գլխավոր դատախազության վերոնշյալ հաղորդագրությունից հայտնի դարձավ, թե ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ինչեր էր պարտավոր անել, իր որ պարտականությունները չի կատարել, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Իսկ ինչե՞ր էին պարտավոր անել, ապահովել Հայաստանի վարչապետի, պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցնողները, «պաշտպանություն նախարարություն» կոչվածի ռազմական վերահսկողական ծառայության պետը և նշված ծառայությունը…

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 25. 07. 2019թ. N 992-Լ որոշման   համաձայն,  «Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ` վարչապետ) և նախարարը:

  1. Վարչապետը`

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները»:

Հարց. վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եթե չասենք ընդհանրապես, պատշաճ կատարե՞լ է նախարարության գործունեության վերահսկողության, ինչպես նաև գործունեության ստուգման արդյունքները քննելու իր պարտականությունները, եթե կատարած լիներ, վերոնշյալ հրեշավոր դեպքը կլինե՞ր

Ըստ նույն փաստաթղթի, պաշտպանության նախարարն «ապահովում է նախարարության միջոցով զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը», «կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի… գործունեությունը», «կազմակերպում և վերահսկում է նախարարության, զինված ուժերի, նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում` ֆինանսական միջոցների ծախսումն և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործումը», «լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ռազմական վերահսկողական ծառայության, ենթակա մարմնի, հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները…»:

Համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 922-Լ որոշման, պաշտպանության նախարարը լսում է գլխավոր շտաբի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

Հարց. պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը եթե չասենք ընդհանրապես, պատշաճ կատարե՞լ է իր վերոնշյալ պարտականությունները, եթե կատարած լիներ, վերոնշյալ հրեշավոր դեպքը կլինե՞ր

Այնպես չէ, որ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ասաց (խորհրդարանում լրագրողների հետ հունվարի 24-ի ճեպազրույցում), թե «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով էս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենա, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է», և մենք ու շատ ուրիշներ էլ հավատացինք դրան:

Ավելորդ չենք համարում ներկայացնել կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 922-Լ որոշումից   ևս մեկ հատված: Ըստ նշված որոշման, Գլխավոր շտաբն իրականացնում է զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումներ:

Հարց. Գլխավոր շտաբը կատարե՞լ է իր վերոնշյալ պարտականությունը, եթե կատարած լիներ, 15 զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած հրդեհի հրեշավոր դեպքը կլինե՞ր

 

Արթուր Հովհաննիսյան