Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել․ Փաշինյան
Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:
Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց վարչապետը:

